Ռուսաստանն ամեն ինչ կանի գլոբալ հակամարտությունը կանխելու համար, բայց մենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. Պուտին

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ոմանք փորձում են խեղաթյուրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը, քանդում են նացիզմի դեմ պայքարողներին նվիրված հուշահամալիրները, պատվանդանների վրա դնում դավաճաններին ու նացիստների հանցակիցներին, ջնջում հերոսության  հիշողությունը։

Պուտինի խոսքով՝ ռևանշիզմը և պատմության խեղաթյուրումն արևմտյան վերնախավերի ընդհանուր քաղաքականության մաս են կազմում՝ հրահրելու ավելի ու ավելի շատ տարածաշրջանային հակամարտություններ, ազգամիջյան և միջկրոնական թշնամանք և զսպելու աշխարհի զարգացման ինքնիշխան, անկախ կենտրոնները, գրում է ria.ru-ն։

«Մենք մերժում ենք բացառիկության մասին որևէ պետության կամ դաշինքի պնդումները, գիտենք, թե ինչի է հանգեցնում նման ամբիցիաների չափազանցությունը: Ռուսաստանն ամեն ինչ կանի գլոբալ հակամարտությունը կանխելու համար, բայց մենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ», - հավելել է ՌԴ նախագահը` հիշեցնելով, որ ռուսական ռազմավարական ուժերը միշտ պատրաստ վիճակում են։

«Արևմուտքը կցանկանար մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, բայց Ռուսաստանը հիշում է, որ մարդկության ճակատագիրը որոշվել է արյունալի մարտերում՝ Մուրմանսկից մինչև Կովկաս և Ղրիմ», - շարունակել է պետության ղեկավարը։

Միաժամանակ, ընդգծել է նա, Ռուսաստանը երբեք չի նսեմացրել երկրորդ ճակատի կարևորությունը և դաշնակիցների օգնությունը։

«Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր զինվորների, դիմադրության անդամների, ընդհատակյա մարտիկների, պարտիզանների քաջությունը, մենք երբեք չենք մոռանա մեր ընդհանուր պայքարը», - եզրափակել է Պուտինը: