Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է «պատրաստ լինել 100 հազար տոննա բենզին մատակարարել իրեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ծառայության ընդհատումների պատճառով դեֆիցիտի դեպքում»:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լրատվականի աղբյուրներից մեկն ասել է, որ Ռուսաստանի համար պաշարներն օգտագործելու գործարքն արդեն համաձայնեցված է։
Աղբյուրների համաձայն՝ Մոսկվան Ղազախստանին խնդրել է 100 հազար տոննա բենզինի վթարային պաշար ստեղծել՝ պատրաստ Ռուսաստան առաքելու համար։
Ղազախստանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներն այս հարցում որևէ մեկնաբանություն չեն տվել, նշում է Reuters-ը։
Երկրի ներսում վառելիքի պակասը կանխելու համար Ռուսաստանը մարտի 1-ից վեց ամսով արգելք է դրել բենզինի արտահանման վրա, սակայն այդ արգելքը չի տարածվում ԵԱՏՄ-ի գործընկերների, ինչպես նաև այն երկրների վրա, որոնց հետ կնքվել են միջկառավարական համաձայնագրեր։
Սակայն, ըստ առևտրականների, եթե իրավիճակը վատթարանա, ապա արգելքը կարող է ընդլայնվել։ Այսպես, Reuters-ի աղբյուրներից մեկի համաձայն, «մայիսին Ռուսաստանը կարող է բավարար բենզին չունենալ ներքին շուկայի համար, ուստի կա արտահանումը նույնիսկ ԵԱՏՄ-ի ներսում կասեցնելու վտանգ»։
Դեֆիցիտի պատճառ է դարձել բենզինի արդյունահանման կրճատումը Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մի քանի հաջող հարվածներից հետո:
Մարտի երեք շաբաթվա ընթացքում ռուսական նավթավերամշակման գործարանները 10%-ով կրճատել են շարժիչային վառելիքի արտադրության ծավալները։
Օրսկ քաղաքի մեկ այլ նավթավերամշակման գործարան ապրիլի 7-ին ջրհեղեղի պատճառով դադարեցրել է արտադրությունը։
0Comments