Ադրբեջանի ցանկությունն է դելիմիտացիան սկսել Տավուշից. Ադրբեջանը մեզ հետ խոսում է ուժի սպառնալիքով. Արմեն Խաչատրյան

Մանրամասներ
արմեն խաչատրյան

Շատ մեծ խնդիր է եղել սկսել սահմանազատման գործընթացը, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ եւ դելիմիտացիան սկսել ինչ-որ մի տեղից, որովհետեւ բանակցություններ չկային, անընդհատ պատերազմի վտանգ էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Մի դրական բան եղավ, որ որոշվեց դելիմիտացիան սկսվի: Հիմա Ադրբեջաը ցանկացել է սկսենք հյուսիսային սահմանից, սկսել ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, գալիս ենք մինչեւ Սյունիք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ փաստորեն Ադրբեջանն է պահանջել, որ դելիմիտացիան սկսվի Տավուշից, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանն այսօր չի ուզում գնա դելիմիտացիայի, ինքն ուժի սպառնալիքով է մեզ հետ խոսում: Այսօր գաղտնի՞ք է, որ մեր միջեւ ռազմական բալանսն այնքան խախտված է, որ այսօր մենք պատերազմի գնալու ցանկություն չունենք: Դա դժվա՞ր է  հասկանալը եւ երբ սկսվում են բանակցություններ, գալիս ենք փոխհամաձայնության: Փոխհամաձայնությունը զիջում չէ: Իրենք ասել են՝ դելիմիտացիան սկսում ենք այստեղից, մենք համաձայնել ենք, որովհետեւ դա Հայաստանի շահերից է բխում: Սա տղայական խոսակցություն չէ: Այսօր մեզ պետք է խաղաղության գործընթացը, դրա համար գնացել ենք դրան»: