Հայոց պատմության մեջ պետականությունը եւ Հայաստանը դրվագներ են․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայրենիքը պետությո՞ւն է, թե՞ մենք հայրենիքը հակադրում ենք պետությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին հարցրեց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն դարձնելուն։

«Բացարձակ այդպես չէ։ Կառավարությունը արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու, հետազոտելու, ըմբռնելու անհրաժեշտությունը, որովհտեւ դրանք ունեն իրար հետ հարաբերություններ, դրանք պարզ չեն․ եկեք այս հարցն ավելի լավ հասկանանք, եւ պատասխանն է՝ չէ, պետք չէ այդ հարցը հասկանալ, որովհետեւ ամեն ինչ էլ պարզ չէ, ոչ մի բան պարզ չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հասկացություններն իրենց տակ ունեն իմաստներ․ «Առաջարկի հեղինակը ես չեմ, վատ չէի զգա, եթե ես լինեի, զարմացած եմ, թե ինչու մենք չենք նկատել դա, որովհետեւ Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմությունն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմությունն է, պետականություն չունենալու դրվագներով։ Մենք ուզում ենք մեր պատմության տրամաբանությունը պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ»։

Փաշինյանը շեշտեց, որ Հայոց պատմության մեջ պետականությունը եւ Հայաստանը դրվագներ են․

«Հայաստանի պատմության մեջ Հայաստանն առանցք է։ Այդ նույն պատմությունն է։ Նույնիսկ եթե այդ պատմությունը վերաբերում է Ուկրաինայի հայ համայնքին, առանցքում պիտի դնես Հայաստանը, Հայաստանի տեսակետից պետք է նայես, որովհետեւ Հայաստանի հետ տեղի ունեցած մի իրադարձություն է այդ համայնքը ձեւավորել»։