Ռուսաստանը ոչ պաշտոնական ուղիներով ԱՄՆ-ին ազդանշան է տվել, որ պատրաստ է բանակցել Ուկրաինա ներխուժումը դադարեցնելու մասին՝ ներառյալ Կիևի համար հնարավոր ապագա անվտանգության միջոցները։
Այս մասին Bloomberg-ին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուրներ։
Ըստ նրանց՝ ռուսական իշխանություններն այդ «ազդանշանները» փոխանցել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին 2023 թվականի դեկտեմբերին միջնորդի միջոցով, որին գործակալության զրուցակիցները հրաժարվել են անվանել։
Bloomberg-ի աղբյուրները պնդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրաժարվել այն պահանջներից, որ Ուկրաինան պահպանի իր չեզոք կարգավիճակը և չմիանա ՆԱՏՕ-ին, որոնք Ռուսաստանը, ի թիվս այլ բաների, օգտագործում էր լայնամասշտաբ ներխուժումն արդարացնելու համար։ Փոխարենը Մոսկվան կպնդի, որ Կիևը ճանաչի Ռուսաստանի վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության կողմից վերջին տարիներին օկուպացված տարածքների նկատմամբ։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ իր գործակալությունը տեղյակ չէ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություններին, որոնք հայտնում է Bloomberg-ը։ «Ուկրաինան ինքն է որոշելու՝ բանակցել արդյոք Ռուսաստանի հետ, երբ և ինչպես»,- ասել է նա։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է, որ Պուտինը բազմիցս հայտարարել է բանակցությունների համար Ռուսաստանի պատրաստակամության մասին։ «Մենք հաստատակամ ենք մեր նպատակներին հասնելու համար։ Եվ մենք կնախընտրեինք դրանց հասնել դիվանագիտական ճանապարհով։ Բայց եթե ոչ, ապա ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել նրանց»,- հավելեց նա։
Ինչպես նշում է Bloomberg-ը, ամերիկացի պաշտոնյաները տեղյակ չեն նման առաջարկների մասին և նշաններ չեն տեսնում, որ Պուտինը լուրջ է վերաբերվում ռազմական գործողությունների դադարեցմանը։ Նրանք թերահավատորեն են վերաբերվել ռուսական ազդանշանների մասին հաղորդագրություններին, գրում է գործակալությունը։
Բանակցությունների համար Ռուսաստանի բաց լինելու մասին ակնարկները, թեկուզ անազնիվ, կարող են պառակտում սերմանել Ուկրաինայի դաշնակիցների միջև, մեկուսացնել Կիևը և խաթարել նախագահ Վլադիմիր Զելենսկու ջանքերը՝ աջակցություն ստանալ իր «խաղաղության բանաձևին», որը ներառում է Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը, գրում է գործակալությունը:
0Comments