Երեխաների և ուսուցիչների մոտ անսովոր հազ է սկսվել, պատճառը դեռ չեն կարողանում պարզել․ Մուսալեռի դպրոցի տնօրեն

Մանրամասներ
Մուսալեռի դպրոց

Այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը և ուսուցիչները սկսել են անսովոր հազալ։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

Տնօրենի փոխանցմամբ՝ հազի պատճառն անհայտ է և տեղում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ դեռ չեն կարողանում պարզել։

Նաիրա Սվարյանը վստահեցրեց, որ պատճառը շմոլ գազը չէ։

«Ես էլ եմ գնացել այդ մասնաշենք, ինձ մոտ էլ սկսվեց հազ, բայց որևէ հոտ չզգացի։ Գազի տեսուչները եկել են ու ստուգել, և բացառվում է շմոլ գազի տարբերակը, որովհետև կաթսայատունը 7 մետր հեռու է դպրոցից»,- մանրամասնեց նա։

Տնօրենը նաև հայտնեց, որ երեխաներից մի քանիսին համայնքի բուժկետ են տեղափոխել, իսկ նրանից մեկը շնչառական համակարգի խնդիր ունի։

«Բուժկետից շտապօգնություն ենք կանչել և 4 երեխայի տեղափոխել են հիվանդանոց, իսկ երեխաներից մեկը, որը խրոնխիալ ասթմայի խնդիր ունի տեղափոխվել է «Մուրացանի»-ի հիվանդանոց»,- ասաց Սվարյանը։