Մենք քննարկել ենք Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, Բելգիան և ԵՄ-ն դատապարտում են այն։ Այս հակամարտությունը բացասաբար է անդրադառնում նաև այս տարածաշրջանի վրա (նկատի ունի Հարավային Կովկասը – խմբ.)։
Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում այսօր ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
«Մեզ համար շատ կարևոր է շարունակել ամրապնդել անկեղծ երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ, որոնք մեզ կապում են Հայաստանի հետ։ Բելգիան ԵՄ նախագահությունը կստանձնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է: Ամբողջ աշխարհում անկայունության պայմաններում մենք ցանկանում ենք ամրապնդել մեր համագործակցությունը։
Մենք աջակցում ենք Հյուսիս-Հարավ միջանցքի ծրագրի իրականացմանը։
Իմ առաջարկով Բելգիայի Նախարարների կոմիտեն որոշեց դեսպանություն բացել Երեւանում։ Այս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք տալիս քաղաքական հարաբերություններին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Բելգիայում մոտ 30 հազար հայ է ապրում։
Նախարարն ասաց, որ մի շարք բելգիական ընկերություններ ցանկանում են համագործակցություն հաստատել իրենց հայ գործընկերների հետ, և այդ ցանկությունը կիսում է նաև հայկական կողմը։
Նա հայտարարեց այս տարվա հոկտեմբերին Բելգիայի առևտրային առաքելության` Հայաստան այցի մասին։
Հաջա Լահբիբը գոհունակություն է հայտնել, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (CEPA) արդեն սկսում է իր պտուղները տալ։
Նա հավելեց, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարում։
0Comments