ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել Անթալիա-Մոսկվա չվերթի անվտանգության սպառնալիքի պատճառով

Մանրամասներ

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Անթալիայից Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորների անվտանգության համար ստեղծված սպառնալիքի պատճառով․ թռիչքն իրականացվել է օդորակիչի անսարքության պայմաններում։ Այս մասին հաղորդում է РБК պարբերականը:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ուղևորների տեղափոխման ժամանակ Red Wings ավիաընկերության կողմից ոչ անվտանգ ծառայությունների մատուցման փաստի առթիվ։

Քննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 13-ին Red Wings-ի ինքնաթիռի տեխնիկական շահագործման համար պատասխանատու անձինք որոշում են ընդունել ավիաչվերթ իրականացնել Անթալիա-Մոսկվա երթուղով և տեղափոխել ավելի քան 400 ուղևորի այն պարագայում, երբ անսարք է եղել օդորակման համակարգը։

«Օդանավի թռիչքի իրականացման թույլտվության հետևանքով իրական վտանգ է առաջացել ուղևորների կյանքի կամ առողջության համար՝ ինքնաթիռի սրահում նրանց երկար մնալու պատճառով, որտեղ գրանցվել է օդի բարձր ջերմաստիճան»,- ընդգծել են Քննչական կոմիտեում՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում նկատմամբ է հարուցվել քրեական գործը։

Red Wings-ի ներկայացուցիչը РБК-ին հայտնել է, որ քրեական գործի հարուցման մասին իրենք տեղեկացել են ԶԼՄ-ներից, և ընդգծել է, որ անվտանգությունը միշտ եղել և մնում է ավիաընկերության առաջնահերթությունը։ Ավիաընկերության ներկայացուցիչը նաև նշել է, որ քննիչները դեռևս չեն խոսել Red Wings-ի աշխատակիցների հետ։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ բացի Անթալիա-Մոսկվա չվերթի հետ կապված խնդիրներից, Red Wings-ի այլ չվերթերի հետաձգումներ են եղել։ Red Wings-ը դա բացատրել է ավիաընկերության տրամադրության տակ գտնվող երեք Boeing 777 ինքնաթիռներից երկուսի տեխնիկական խնդիրներով: