Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը «շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ», նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի»:
«Դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումը՝ նվիրված հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, անցկացնել 2023 թվականի ավարտին՝ Երևանում»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով իրանական կողմի՝ քրեական գործերի քննության ձգձգման վերաբերյալ դիտարկմանը, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են հանդիսանում Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն «ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում և հավելել, որ գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը»:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ»,- հայտնել է գերատեսչությունը:
0Comments