«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ Սոնա Մնացականյանի մահվան գործից:
Պատգամավորը մասնավորապես ասաց. «Մի դրվագով դատաքննությունն արդեն 2 տարի շարունակվում է, բայց երկրորդ դրվագով հակառակ փաստաբանների ու տուժողների բողոքի, վերահսկող դատախազն այդպես էլ հանցակազմի բացակայության պատճառով, ինչ-որ ավտոշարասյան հրամանատարության ձայնագրությունը չի պահպանվել, տեխնիկական խնդրի պատճառով կարճել է գործը:
Եթե լիներ շարքային դեպք, արդյոք դատախազը նման քայլի կդիմեր, թե մեղադրանքը կշարունակեր պաշտպանել»:
Դատախազն էլ արձագանքեց. «Ինչ-որ որակումը տվեցիք, բայց քրեական դատավարությունում ինչ-որ հասկացություն չկա, կան ապացույցներ, որոնք կամ բավարար են դատարան գնալու համար, կամ բավարար չեն: Տվյալ դեպքում դատախազը, որը որոշում է կայացրել, գնահատել է ապացույցների բավարարության տեսանկյունից:
Դատախազությունը փաստերի վրա է հենվում և տվյալ դեպքում յուրաքանչյուր գործով վստահեցնում եմ Ձեզ մինչև վերջ գնում է և ապացույցների բավարարության տեսանկյունից որոշում է կայացնում դատարան գնալ, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։
Փորձագետի եզրակացության համաձայն, վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն ։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում։
Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։
Մահվան ելքով վրաերթն իրականացրած մեղադրյալ Արամ Նավասարդյանն ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ըստ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վարչապետի շարասյան մեքենաների միջև այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է:
0Comments