«Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես». Աղազարյանը՝ Քյարամյանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին կարճ մեկնաբանություն տալիս ասաց ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև սկանդալին։

«Դե թող անուններ տա։ Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես։ Ո՞վ կարող է իմ որդու անունից խոսել»,- ասաց Աղազարյանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահը թեժ վեճի պահին Հովիկ Աղազարյանին հարցրել էր. «Խնդրում եմ նաև մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով»։

Հիշեցնենք՝ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նշվում է, որ չի բացառվում, որ այս գործով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի: