Մոսկվայում Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել․ Խանդանյան

Մանրամասներ
նիկոլ

Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին առաջարկել է ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում անցկացնել։ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Որքան տեղյակ եմ՝ հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ՝ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել»,- ասել է Խանդանյանը։

Նշենք՝  Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում մասնակցում էր ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Լրատվամիջոցի հետ զրույցում Խանդանյանը նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Հայաստանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հուլիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում հանդիպման առաջարկից: Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը և Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը, որն էլ ավելի վաղ հրաժարվել էր հնգակողմ ֆորմատով հանդիպումներից:

Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 19-ին մեկնել էին Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: