Դաշինքը դատապարտում է Մոսկվայի հայտարարությունը, թե Սև ծովի միջազգային ջրերի մի մասը ժամանակավորապես անապահով է նավագնացության համար։
Հյուսիսատլանտյան դաշինքը չորեքշաբթի հայտարարեց, որ ուժեղացնում է հսկողությունը սևծովյան տարածաշրջանում՝ դատապարտելով Ռուսաստանի դուրս գալը հացահատիկային գործարքից, որը երաշխավորում էր ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անվտանգ շարժը Սև ծովով:
Հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստից հետո, որը ստեղծվել է այս ամսվա սկզբին` ալյանսի ու Կիևի միջև համագործակցությունը համակարգելու նպատակով:
«Դաշնակիցները և Ուկրաինան խստորեն դատապարտել են Ռուսաստանի որոշումը՝ դուրս գալ սևծովյան հացահատիկի գործարքից և նրա կանխամտածված փորձերը՝ դադարեցնելու ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, որից կախված են հարյուր միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում»,- ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ն և դաշնակիցները ուժեղացնում են հսկողությունն ու հետախուզությունը Սև ծովի տարածաշրջանում, այդ թվում՝ պարեկային ինքնաթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ»:
ՆԱՏՕ-ի հայտարարությունը հասցեագրված է Կրեմլի նախազգուշացմանը, թե Սև ծովի միջազգային ջրերի որոշ հատվածներ նավարկության համար ժամանակավորապես անապահով են:
Ռուսաստանը նաև ընդգծել է` Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ մեկնող նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռներ տեղափոխող նավեր։
«Դաշնակիցները նշել են, որ Սև ծովի հատվածը, որի առնչությամբ Ռուսաստանը նախազգուշացում է արել, գտնվում է Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, ինչը սխալ հաշվարկների և [իրավիճակի] սրման նոր ռիսկեր է ստեղծում, ինչպես նաև լուրջ խոչընդոտներ` նավարկության ազատության համար»,- կարդում ենք ՆԱՏՕ-ի հայտարարությունում։
Դաշինքը հայտարարել է, որ դատապարտում է Ռուսաստանի վերջին հարձակումները Օդեսայի, Նիկոլաևի և այլ նավահանգստային քաղաքների վրա, ներառյալ` անօդաչուների հարվածը ուկրաինական հացահատիկային ամբարին` Ռումինիայի հետ սահմանին:
«Պատրաստ ենք պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզ որևէ ագրեսիայից»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի «հստակ և միանշանակ դատապարտուղ հայտարարությունը»` հացահատիկի համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալու վերաբերյալ։
«Ընդամենը երկու շաբաթ առաջ Վիլնյուսում ստեղծված Խորհուրդն արդեն ապացուցել է, որ հանդիսանում է արդյունավետ ճգնաժամային խորհրդատվական մեխանիզմ»,- «X» հարթակում (նախկինում` «Twitter») գրել է Զելենսկին` շարունակելով, թե Ուկրաինան «կշարունակի կատարել իր պարտավորություններն՝ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը… ։ Միասնական ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ առաջ շարժվելով ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին պատասխանելով «Ամերիկյաի Ձայնի» հարցին` արդյո՞ք ԱՄՆ-ն և դաշնակիցները քննարկում են ռազմանավեր ուղարկել Սև ծով՝ հացահատիկով բեռնված նավերն այլընտրանքային ուղիներով ուղեկցելու համար, նշել է, որ այս պահին ակտիվ քննարկում չկա Սև ծով ռազմանավեր մտցնելու վերաբերյալ:
«Կարծում եմ, մենք բոլորս կարող ենք հասկանալ, որ այն միայն կմեծացնի լարվածությունը և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հակամարտության հավանականությունը, իսկ մենք դրա կողմնակիցը չենք: Ձգտում ենք, որ հացահատիկը արտահանվի, գործարքը երկարաձգվի: Հակառակ պարագայում, մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ այլ ցամաքային երթուղիներ մշակելու ուղղությամբ։ Հնարավոր է, նույնիսկ դիտարկենք գետային երթուղիներով տեղափոխումը»,- ասել է Քըրբին:
Նա` ուկրաինական հացահատիկը ռուսական հացահատիկով փոխարինելու Պուտինի առաջարկը որակել է հուսահատ փորձ` այն մարտահրավերների պայմաններում, որոնց առերեսվում են աֆրիկյան երկրները` Կրեմլի կողմից սևծովյան հացահատիկային գործարքը չեղարկելու հետևանքով: Նրա խոսքով, յուրաքանչյուրն երկիր ինքն է որոշելու` արդյո՞ք Պուտինի այս նոր առաջարկը օրինական է:
0Comments