Զախարովան ասել է, որ ծանոթ չէ Արայիկ Հարությունյանի պաշտոնին և չի մեկնաբանել նրա հայտարարությունը

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանն առ այն, որ նախորդ տարի Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղավնո, Սուս և Բերձոր բնակավայրերի՝ նախատեսված ժամկետից շուտ և փաստացի եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ Ադրբեջանին հանձնումը տեղի է ունեցել ռուսական կողմի առաջարկով՝ Ադրբեջանի ռազմական գործողությունը թույլ չտալու պատճառաբանությամբ:

«Գիտեք՝ ես ծանոթ չեմ ինչպես Ձեր նշած հայտարարություններին, այնպես էլ հիշատակած պաշտոններին, ուստի չեմ պատրաստվում մեկնաբանել: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխմանը, ապա փոփոխությունները տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով  համաձայնեցման արդյունքում: Ուստի այս հարցի շուրջ չհամաձայնեցված գործողության կամ մեկ-երկու երկրի՝ եռյակի կարծիքը հաշվի չառնելու մասին խոսելն ազնիվ չէ», - նշել է Զախարովան: