Կլինի մեկ փուլ. Էրդողանը նախագահական ընտրություններում կհավաքի 52-53%․ Չավուշօղլու

Մանրամասներ

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհավաքի 52-53 տոկոս։ Նման կանխատեսում է արել երկուշաբթի օրը երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk հեռուստաալիքի եթերում, գրել է ТАСС-ը։

«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի 52-53 %։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (Էրդողանի ղեկավարած կուսակցությունը - Tert.am) ինքնուրույն կստանա ավելի քան 300 մանդատ [600-ից], իսկ հաշվի առնելով դաշինքի կուսակցությունները՝ այս թիվն էլ ավելի է լինելու»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Խոսելով ընտրությունների նկատմամբ արտերկրյա հետաքրքրության մասին՝ նախարարը նշել է, որ «այս անգամ շատ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվել քվեարկությանը մասնակցելու համար»։ «Վերջին ընտրությունների համեմատ ընտրողների թիվը կրկնապատկվել է, այս պահին քվեարկել է արտերկրում գրանցված ընտրողների ընդհանուր թվի մոտ 35%-ը»,- ասել է նա։

Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում են պետական բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդները։ Առաջին փուլով հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։