«Սիրիայում իշխող խմբավորման գործողությունները երկրի տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ թուրքական ձեռագիր է, որը սպառնում է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլ տարածաշրջանին առավել ընդգրկուն համատեքստում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, թուրքական հետքն ու թուրքական քաղաքականության դրսևորումները ընդգծվեցին դեռ նախորդ տարի Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալման և նոր իշխանության ձևավորման ժամանակ, այսօր արդեն ուրվագծվում են նույն թուրքական ավանդական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպան գործողությունների տեսքով:
«Երբ խոսում էինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, երբ ասում էինք, որ դա անվտանգության խոշոր բաղադրիչ ունի, երբ խոսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների նրբերանգների և բարդությունների մասին, ՀՀ իշխող ուժը դա փորձում է արդարացնել փողով, կենցաղով և պրիմիտիվ դատողություններով:
Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»,- գրել է Տ.Աբրահամյանը։
0Comments