Հայաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում

Մանրամասներ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նման կարծիք հայտնեց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում։

«Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով։ Գիտեք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»,- մանրամասնեց Արմեն Գրիգորյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ այդ հարցը քննարկում են նաև Ֆրանսիայի հետ և ակնկալում են, որ աջակցություն կստանան։

Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին առաջարկել էին այցելել Ջերմուկ, որպեսզի նա ավելի լավ պատկերացնի ստեղծված իրավիճակը։

«Մեր քննարկումներից ես տպավորություն ունեմ, որ նախարարն ամբողջովին պատկերացնում է իրավիճակը»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները՝ Գրիգորյանը պատասխանեց․ «Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։