Տեղ գյուղի տարածքում նոր սադրանքներ կլինեն. ռազմական փորձագետ

Մանրամասներ

1

Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է մնալու իր գործելաոճին ու ամեն կերպ ձգտելու է նոր դիրքեր գրավել:

«Ոչինչ բացառել հնարավոր չէ, այո՛, հնարավոր էր կանխել, եթե ամրաշինական աշխատանքները նախապես կատարված լինեին, մինչև ադրբեջանցիների այնտեղ հայտնվելը: Եթե մինչև ապրիլի 1-ը ժամկետը տրվեր, որ պետք է ապրիլի 1-ին այդ տարածքները հանձնվեին, մենք երկար ժամանակ կունենայինք աշխատանքներ անելու համար (փորձագետը նկատի ունի Փաշինյանի՝ Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի գործարկման ժամկետի վերաբերյալ հայտարարությունը - խմբ.)»,- ասաց նա:

Ռազմական փորձագետը չբացառեց, որ Տեղ գյուղի հատվածում հնարավոր է նոր սադրանքներ լինեն: Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանն ամրաշինական կառույցներ ստեղծի:

«Իրենք կարող են գալ ու ասել, որ ճիշտ տեղում այդ աշխատանքները չեք կատարել, սա մերն է: Ամեն ինչ հնարավոր է, այնպես չի, որ մենք վստահ կարող ենք ասել, որ սադրանքներից կարող ենք խուսափել: Նրանք գնում են սադրանքերի ճանապարհով և ամեն կերպ փորձելու են նոր սադրանք իրականացնել: Կարող է այս դրվագով չանեն, բայց մեկ այլ դրվագով կանեն»,- նկատեց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ռազմական բախումները դեռևս կշարունակվեն:

Հիշեցնենք`ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել, Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների վրա, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը կիրառել են ականանետային միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ 6 վիրավոր: