Պատրաստ եմ զանգահարել Զելենսկիին, «երբ հարմար պահը լինի». Սի Ծինփինը խոստացել է Մակրոնին

Մանրամասներ

Ֆրանսիացի դիվանագետը, որը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպմանը Պեկինում, AFP-ին ասել է, որ Չինաստանի առաջնորդը պատրաստ է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «երբ հարմար պահը լինի»:

Գործակալության զրուցակիցը նաև ասել է, որ Ֆրանսիայի նախագահը հորդորել է Սիին Ռուսաստանին չմատակարարել այն, ինչ նա կարող է օգտագործվել ուկրաինական հակամարտությունում։ Այս պահանջին Չինաստանի ղեկավարի արձագանքի մասին զրուցակիցը չի խոսել։

Հիշեցվնենք, որ ապրիլի 6-ին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մակրոնը հանդիպման ժամանակ Չինաստանի ղեկավարին, որն անցյալ ամիս Մոսկվայում արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ընդունելությանը, կոչ է արել «խելքի բերել Ռուսաստանին» և օգնել Ուկրաինայում տևական խաղաղություն հաստատելու ջանքերում։

«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ ... Ռուսաստանին խելքի բերելու և բոլորին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցերում: Մենք պետք է կայուն խաղաղություն գտնենք: Կարծում եմ, որ սա նաև կարևոր խնդիր է Չինաստանի համար, ինչպես որ Ֆրանսիայի և Եվրոպայի համար է», - ասել է Մակրոնը Սիին:

Մակրոնը նաև ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հարված է հասցրել կայունությանը` «վերջ դնելով Ուկրաինայում տասնամյակների խաղաղությանը»:

Սին չի հիշատակել Ուկրաինան կամ Ռուսաստանը, բայց ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները: Նա նշել է, որ Պեկինը և Փարիզը «աշխարհի բազմաբևեռացման հաստատակամ խթանողներն են»: