Բոլոր ռուսական բանկերը եւ մի քանի երկրներում ավելի քան 100 բանկեր միացել են իրանական ֆինանսական հեռահաղորդակցության համակարգին, որը հայտնի է որպես SEPAM, ինչը վերացնում է SWIFT միջազգային միջբանկային համակարգի անհրաժեշտությունը։ Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով կառավարչի տեղակալ Մոհսեն Քարիմին:
Քարիմիի խոսքով՝ իրանական բանկերն այլեւս SWIFT համակարգի կարիք չունեն ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:
Իրանի կենտրոնական բանկի կառավարչի տեղակալը նշել է, որ Ռուսաստանի բոլոր բանկերը, այլ երկրներում գտնվող ռուսական բանկերի բոլոր մասնաճյուղերը, որոնք մուտք ունեն դեպի SPFS (ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ, SWIFT ֆինանսական փոխանցումների համակարգի ռուսական համարժեքը), եւ 13 երկրներում 106 ոչ ռուսական բանկեր այժմ միացված են SEPAM-ին:
Քանի որ ռուսական SPFS-ը կապված էր իրանական SEPAM-ի հետ, յուրաքանչյուր ոք, ով մուտք ունի ռուսական ցանց, այժմ կարող է միանալ իրանական բանկերին եւ հակառակը, հավելել է նա։
Ինչպես պարզաբանել է Քարիմին, SEPAM-ի եւ SPFS-ի միջեւ հաղորդագրություններն ուղարկվում են SWIFT ստանդարտների հիման վրա:
2022 թվականի հոկտեմբերին Իրանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը հրապարակել է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ SWIFT միջազգային միջբանկային տեղեկատվական-վճարային համակարգի անալոգի գործարկման ծրագրերը։
0Comments