Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) ամուսնալուծվելուց հետո, առանց մոր համաձայնության, երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և հրաժարվում է վերադարձնել։
Ամուսնալուծության մասին կա դատարանի որոշում։ Ըստ գործի` Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:
Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015 թվականին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին:
Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան:
13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության՝ երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
168.am-ը կապ հաստատեց Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է առանց մոր համաձայնության երեխային Գերմանիա տանելը, նա պատասխանեց, որ Արթուր Աբրահամն անձնական կյանքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս:
0Comments