Հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի միջանցքը՝ Արցախը կտրելով արտաքին հաղորդակցության բոլոր հնարավորություններից։ 120 հազար արցախահայեր կանգնած են հումանիտար աղետի շեմին, ծանր վիճակում գտնվող հիվանդները, որոնց կյանքին վտանգ է սպառնում, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։
168.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից և այս համատեքստում մտավորականության անելիքներից, ցավով արձանագրեց, որ այսօր մտավորականության խոսքը հասարակության համար ինչ-որ ձևով արժեք չունի։
«Այս իմաստով խորը կասկածներ ունեմ, որովհետև մենք հասարակությանն այնքան ենք նսեմացրել ու թուլացրել մտավորականի արժեքը, այնքան ենք ցածրացրել այդ արժեքի նշաձողը, որ այսօր չգիտեմ՝ ինչ վիճակ է։ Իհարկե, այսօր բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նորից մեզ վերագտնենք, մեր ուժը, միասնականությունը վերագտնենք՝ մեր նպատակին հասնելու համար։ Բայց երանի իմանայի այն քայլերը, որոնցով պետք է այս ամենն արվի։
Մենք սովորաբար դանակը ոսկորին հասնելու դեպքում միասնական ենք լինում, հուսամ, որ նորից միասնական կլինենք, հուսամ»,- շեշտեց Դավիթ Հակոբյանը։
Ըստ Դավիթ Հակոբյանի, առավոտյան է լուր ստացել, որ Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է, հույս ունի, որ հերթական քաղաքական ինտրիգը երկու օր ձգելուց հետո, Արցախը Հայաստանին կապող ճանապարհն էլ կբացեն։
«Սա հերթական քաղաքական ինտրիգն է, որպեսզի մեզ ինչ-որ պայմաններ թելադրեն։ Ցավոք, հայտնի ճշմարտություն է, Բրեդբերին իր մի գործում է ասում, որ «պատերազմում ի վերջո ոչ ոք չի հաղթում, ես չեմ հիշում որ ինչ-որ մեկը հաղթած լինի, պարզապես վերջին պարտվողը հաշտվում է ինչ-ինչ պայմանների հետ»։ Հիմա այդ վիճակում մենք ենք հայտնվել, ուզենք թե չուզենք, պետք է ձգձգենք այդ վիճակը, որպեսզի կարողանանք նորից մեզ վերագտնել»,- եզրափակեց Դավիթ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։
0Comments