Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ–ն պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21–ից 27–ը կարիքների գնահատման առաքելություն կգործուղի Հայաստան։ Հայաստանի առաջարկով ԵՄ-ը նույնպես դիտորդական առաքելություն է տեղակայելու Ադրբեջանի հետ սահմանի կամ շփման գծի երկայնքով։
Այս ամենից ազդված՝ 2023-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել իր երկրի դեմքը հերթական անգամ բացահայտող հայտարարությամբ՝ քննադատելով Արևմուտքի դիտորդական առաքելությունները:
Մեղադրելով ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու համար՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն ուղարկելով ռեգիոն՝ դու անգամ Ադրբեջանի կարծիքը չես հարցնում։ Ակնհայտորեն նրանք ունեն Հայաստանին աջակցելու նպատակ։ ԵԱՀԿ–ն փակուղու մեջ է։ Ընդունված որոշումները հիմա հակասում են ԵԱՀԿ–ի գործող կանոններին»: Չավուշօղլուն նաև թիրախավորել էր Եվրամիությանը՝ փորձելով, ըստ էության, ակնարկել,որ Հայաստանն Ադրբեջանի տակ գցելը խորապես բխում է նաև Արևմուտքի շահերից. Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա: «Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,-ասել է խորամանկ թուրքը:
Ինչո՞ւ են կատաղել թուրքերը: Թուրքերի կատաղության պատճառը շատ լավ բացահայտել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը, որը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը լրացուցիչ ներդրում կունենա՝ Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարգման գործում։
Թուրքերի ռեակցիան, իհարկե, չի կարելի անսպասելի համարել՝ նկատի ունենալով նրանց իրական նպատակները: Հարցեր են ծագում, սակայն, մեկ այլ խնդրի հետ կապված՝ ներհայաստանյան՝ բխող ՔՊ-ականների իրական բնույթից: Հարցը հետևյալն է՝ եթե Թուրքիան, ինչպես ներկայացնում է իշխանական քարոզչական մեքենան, իր առաջ խնդիր է դրել Հայաստանի հետ հաստատել նորմալ հարաբերություններ, ապա ինչո՞ւ է «կոկորդ պատռում»՝ բողոքելով տարածաշրջանում որոշակի զսպիչ մեխանիզմների գործարկման դեմ: Եթե Անկարայի նպատակն ընդամենը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անխաթարությունն է, եթե նպատակն ընդամենն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն է, ապա ինչո՞ւ է Չավուշօղլուն ոռնում գորշ գայլի պես: Պարզ է, չէ՞, թե ինչ հեռահար նպատակներ ունի Անկարան, որի ձեռքին Իլհամը կույր գործիք է ընդամենը: Նպատակը պարզ է՝ սողացող պատերազմի, մերթ ընդ մերթ կազմակերպվող սահմանային բախումների կամ կարճատև ռազմական գործողությունների միջոցով Սյունիքի կտրումն է կամ միջնացքի բացումը: Մինչդեռ, ըստ թուրքերի, ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն խանգարելու են Ադրբեջանին՝ աննկատ թողնելու սեփական ագրեսիան՝ ընդդեմ Հայաստնի, ինչը կրճատելու է Թուրքիայի ռեսուրսն ու Նիկոլի բանավոր խոստումների իրագործման հնարավորությունը:
Ճիշտ է՝ միամտություն է մեծ հույսեր կապել արևմտյան առաքելությունների հետ, բայց հաշվի առնելով առնվազը թուրքական արձագանքն այդ ամենին՝ որոշակի դրական ակնկալիքներ, այնուամենայնիվ, առկա են, եթե, իհարկե, Արևմուտքն այս ամենով չփորձի էլի մեր հաշվին թուրքերից կամ ադրբեջանցիներից ինչ-որ դիվիդենտներ քաղել:
0Comments