Վարչապետի հետ անձամբ հանդիպել եմ 3 անգամ, նամակ էլ եմ գրել, բայց մինչ օրս պատասխան չեմ ստացել

Թալիշի դիրքերից մեկում, ողնաշարի ծանր վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանը ստացել է առաջին կարգի հաշմանդամություն

Ապրիլի 4-ին Արցախի Հանրապետությունում՝ Թալիշի դիրքերից մեկում, ողնաշարի ծանր վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանը ստացել է առաջին կարգի հաշմանդամություն: Նշենք, որ Սեխլիյանը վիրահատվել է երկու անգամ, սակայն բուժումը դեռ շարունակվում է, և նրա լիարժեք ապաքինման համար հարկավոր է ևս մեկ վերականգնողական կուրս, քանի որ դեռ բեկորներ կան մնացած:

Հայկն ասաց, որ անցած տարի հետազոտման համար մեկնել է Գերմանիա, որտեղ հայ մասնագետները Գերմանիայից պահանջել են, որ նշեն, թե ինչ ժամկետներում և ինչ մեթոդիկայով կկարողանան իրեն բուժել. «Հետազոտումն արժեր 3000 եվրո, բայց կառավարությունից պատասխան ստացա, թե նման լիազորություն չունեն, որ բյուջեից գումար դուրս գրեն: Այդ ժամանակ իմ հրամանատարն իր կողմից 3000 եվրո տվեց, գնացի, հետազոտվեցի և թուղթը բերեցի: Նշեմ նաև, որ հեղափոխությունից հետո 100 անգամ դիմել եմ կառավարությանը, բայց ոչ մի բան»:

Էպիկրիզ

Սեխլիյանի խոսքերով, զգալի ժամանակ է անցել, բայց ոչ մի փոփոխություն դեռ չկա. «Պետական մարմիններից գրեթե բոլորին դիմել եմ, բայց միայն 2016 թվականին եմ 600000 ՀՀ դրամ օգնություն ստացել: ՀՀ վարչապետի հետ անձամբ եմ հանդիպել 3 անգամ, նամակ էլ եմ գրել, բայց մինչ օրս պատասխան չեմ ստացել»:

Հայկը նշեց նաև, որ Հայաստանում գրեթե բոլոր վերականգնողական կենտրոններն այցելել է, բայց նրանք ոչ մի բան չեն ասում. «Ոչ ասում են կարող ենք բուժել, ոչ էլ հակառակը, իսկ բժիշկները գրել են, որ Հայաստանի պայմաններում վիրահատել հնարավոր չէ»:

 Այս  մասին գրում է Analitik.am