Խարկովի ուղղությամբ լարված մարտեր են ընթանում․ Ռուսաստանը «Սոնցեպյոկ» և «Ուրագան» համակարգեր է տեղակայում

Մանրամասներ

1

Ռուս զինվորականները Խարկովի ուղղությամբ տեղակայում են ՏՕՍ-1Ա «Սոնցեպյոկ» ծանր կրակային համակարգեր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։ 

Այս ուղղությամբ լարված մարտեր են ընթանում ուկրաինական զորքերի հետ, որոնք սեպտեմբերի 7-ին անցել են հակահարձակման։

ՏՕՍ-1Ա-ն նախատեսված է կենդանի ուժը, սարքավորումները և ամրությունները ոչնչացնելու համար: Այն օգտագործում է 220 մմ տրամաչափի ջերմային զինամթերք, որից հնարավոր չէ թաքնվել բլինդաժներում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր Խարկովի ուղղությամբ զորքերի և տեխնիկայի տեղափոխման կադրեր, մասնավորապես՝ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր , «ԿամԱԶ» բանակային բեռնատարներ, «Մստա» հրետանային տրակտորներ և հետևակի մարտական մեքենաներ:

Ուրբաթ ավելի վաղ Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտարարել էր, որ ուկրաինացի զինյալները իրենց բոլոր ռեզերվները տեղափոխել են տարածաշրջան և հսկայական կորուստներ են կրում։

Ինչպես ասել է Կուպյանսկի շրջանի ղեկավար Մաքսիմ Գուբինը, իրավիճակը բարդ է, սակայն ռուսական բանակը ամուր է պահում իր դիրքերը։ Միաժամանակ տեղական իշխանությունները բնակչությանը տարհանում են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի տարածք՝ մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը։

Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և ԼԺՀ-ն վերահսկողության տակ են առել Խարկովի մարզի մի մասը, որտեղ ստեղծել են չորս շրջանային վարչակազմ՝ կենտրոններով Վոլչանսկում, Իզյումում, Կուպյանսկում և Կազաչյա Լոպան գյուղում: