Պարգևավճարները կատարվել են օրենքի տառին համապատասխան. Դավիթ Անանյան

Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ ինքը մանրամասն պարզաբանում է տվել պարգևատրումների մասին:

«Դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր, որի վերաբերյալ ասացի այն, ինչ ասացի: Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, մենք քննարկել ենք»,-ասաց Անանյանը՝ խորհուրդ տալով հարցերն ուղղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

Հարցին, թե կարողացավ հիմնավորել, թե ինչո՞ւ են այդպիսի բարձր պարգեւավճարներ տվել, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ հիմնավորելու խնդիր չկար. «Կար պարզաբանելու խնդիր: Ես չեմ կարող ասել, իրենք բավարարված էին, թե ոչ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ: Այո, պարգեւավճարները կատարվել են օրենքի տառին համապատասխան»:

Նշենք, որ Դավիթ Անանյանին հրավիրել էին խմբակցության նիստին՝ կապված ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւավճարներ տալու հետ: