Առանց հարկային համակարգում փոփոխությունների անհնար է տնտեսական հեղափոխություն իրականացնել. Արտակ Մանուկյան

Տարանջատել այն փոփոխությունները, որոնք թեթևացնում են բիզնեսի կյանքը և հրատապ են ընդունման առումով


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կանխատեսել, որ Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ կդառնան:

«Դեռ չեմ ուզում խորանալ հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունների բովանդակային կողմի մեջ, կարծում եմ մեզ թեժ քննարկումներ են սպասվում ԱԺ-ում, ինքս էլ փորձում եմ տարատեսակ անալիզներ անել՝ ավելի որակյալ քննարկումների ու լուծումների համար։

Այնուհանդերձ, իմ մոտեցումները նման անկյունաքարային փոփոխությունների մասով հետևյալն են.

Տարանջատել այն փոփոխությունները, որոնք թեթևացնում են բիզնեսի (հատկապես ՓՄՁ-ի) կյանքը և հրատապ են ընդունման առումով (այսինքն չունեն վատթարացնող որևէ տարր), որոնցից են օրինակ ներկայումս արդեն իսկ տարեկան շրջանառության հարկի նվազած շեմի վերանայումը (2019թ-ի հունվարի 1-ից 115 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը դառնում է 58,35 մլն դրամ՝ ու նույնիսկ նախագծով էլ է առաջարկվում շեմը թողնել անփոփոխ)։

Հետո ավելի հանգիստ պայմաններում քննարկել երկարաժամկետ ու ավելի մասնակցային փոփոխությունները, ինչպիսիք են, օրինակ համահարթ դրույքաչափ և այլ հարցադրումներ։ Սա կօգնի նաև զտել ելակետային տվյալների որակը:

Վերահաստատում եմ իմ ասածը՝ առանց հարկային համակարգում փոփոխությունների անհնար է տնտեսական հեղափոխություն իրականացնել»,- գրել է Արտակ Մանուկյանը։