Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ կատարվող չվերթերի արգելքին՝ նշեց, որ բոլոր ավիաընկերություններին կանչել են կոմիտե և փորձել են համոզել, որպեսզի Հայաստանն օգտագործեն տարանցիկ չվերթերի տարածք, որպեսզի ուղիղ չվերթերը շատանան։ «Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, բյուրոկրատիա չլիներ, որ հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից: Այդ պրոակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել, ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»,- ասաց նա:
Ըստ Ռևազյանի՝ այդ ուղղությամբ բոլոր փոխադրողներն իրականում շատացրել են չվերթները:
«Այդ աշխատանքի արդյունքն այն եղավ, որ նոր ուղղություներ են բացվել, և այլն։ Այդ պատճառով էլ մեր «կլասիկ» պատգամավորը, որը մտնում է լայվ, մինչև դա անելը, մեկ անգամ զանգահարեր մեզ, որովհետև երբ նա լայվ էր մտնում, այդ նույն պահին մենք հարց էինք լուծում և կարող էինք տեղեկացնել, թե ինչ քայլեր ենք անում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթերը Գյումրիում ավելանան։ «Երեկ Վրաստանում դեպքեր են զարգացել, ընդդիմադիր ցույցեր, և վրաց-ռուսական հարաբերությունները վատանում են։ Երեկ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելել է օդային ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերել այդ չվերթերը»,- ասել էր է. Մարուքյանը։
0Comments