Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքում Բաքվի առաջարկներն են․ Զախարովա

Մանրամասներ
ա

Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մասնավորապես, ըստ Զախարովայի, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին:

«Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան հայտարարել է, որ աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։

«Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- հայտարարել է Զախարովան: