![ա](/sites/default/files/inline-images/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80.jpg-.jpg)
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը հայտարարել է, որ Ադրբեջանը ռմբակոծելու վերաբերյալ որևէ կոչով հանդես չի եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում:
«Ադրբեջանը ռմբակոծելու, թե սովորական, թե միջուկային զենքով, կոչեր ես չեմ արել»,- հայտարարել է պատգամավորը:
Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իր դեմ միջազգային հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը «կամ ֆեյքային է, կամ լրագրողական սխալ»:
«Հակառակ պարագայում պետք է ընդունենք, որ Ադրբեջանի ամբողջ գլխավոր դատախազությունում չի մնացել ռուսերեն հասկացող կամ թարգմանչի ծառայություններից օգտվել կարողացող որևէ մեկը: Եթե ենթադրենք, որ այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա դա շատ ցավալի է, քանի որ ժողովրդին, որի իրավական համակարգն իրականության հետ որևէ աղերս չունի, սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ, որոնք միշտ չէ, որ հաճելի են լինելու»,- գրել է նա:
Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին: Բացի այդ, Դելյագինը «Տելեգրամ»-ի իր ալիքում հարցում էր անցկացրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորության վերաբերյալ:
Ի պատասխան՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Միխայիլ Դելյագինը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
0Comments