Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին

Իրավիճակ
ա

«Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։

Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։

Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: