Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում նվիրաբերություն ընդունելու մասին որոշում ընդունեց. Երևան քաղաքին նվիրաբերվեց 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման, որոնք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում:
Նշվեց, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ցանկություն են հայտնել օժանդակել Երևան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը և առաջարկել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երևանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրատրանսպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին և իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ և այդ աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին:
«Ռենշին» և «Բրենդ Քոմփյութրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի գործառույթներ Երևան քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առավել որակով և լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար, ցանկություն են հայտնել Երևան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա և այլ գույք:
«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հաշվի առնելով «Կամազների» հետ կապված հայտնի դեպքը, հետաքրքրվեց, թե այս ընկերությունները վերջին շրջանում ինչ շինթույլտվություններ են ստացել, կամ Երեւանն իրենց փոխարենը ինչ է արել, որ հիմա նստարաններ եւ այլ գույք են նվիրում:
Ի պատասխան քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը նշեց. «Նման պրակտիկա չկա ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց տալու: Շինթույլտվությունները տրվում են ըստ սահմանված պահանջների եւ ֆիքսված չափորոշիչների»:
Անի Խաչատրյանը նկատեց, որ նման պրակտիկա քաղաքապետարանում եղել է «Կամազների» պատմության հետ կապված» «Ես զուտ ճշտում էի՝ սա նույն ռեկետային գործարքի նման գործարք է, թե ոչ»:
Նվիրատվության մասին առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ
0Comments