Համաշխարհային ավտոարտադրողները կոչ են արել Թրամփին վերջ տալ առևտրային խառնաշփոթին

Ըստ նրանց քաղաքական անորոշությունը թանկ է նստում ավտոարդյունաբերության ոլորտի վրա

Աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերությունների ղեկավարները, որոնք այս օրերին գտնվում են Դետրոյթում (այնտեղ մեկնարկել է միջազգային ավտոշոուն), կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու Կոնգրեսին լուծել առևտրային տարաձայնությունները, վերջ տալ կառավարության «շաթդաունին»՝ ընդգծելով, որ քաղաքական անորոշությունը թանկ է նստում ավտոարդյունաբերության ոլորտի վրա:
Ինչպես նշում է Reuters-ը, ԱՄՆ առևտրի նախարարությունը դեռևս բանակցում է Չինաստանի հետ նոր մաքսատուրքերի սահմանումից խուսափելու շուրջ, մինչդեռ Կոնգրեսն էլ չի վավերացնում Կանադայի և Մեքսիկայի հետ առևտրային համաձայնագիրը: ԱՄՆ-ում մեքենաշինությամբ զբաղվող ընկերությունները բողոքում են, որ Թրամփի՝ ալյումինի ու պողպատի ներկրման համար սահմանած բարձր մաքսատուրքերը վնաս են հասցնում իրենց:
Օրինակ՝ Fiat Chrysler Automobiles NV-ի գործադիր տնօրեն Մայք Մենլին նշել է, որ նախագահի մաքսատուրքերի պատճառով 2019թ. ընկերության ծախսերը կավելանան 300-350 մլն դոլարով: Սա նշանակում է, որ մեքենաների գները, կախված մոդելից, կբարձրանան 135-160 դոլարով:
Toyota Motor Corp-ի ղեկավար Բոբ Քարտերն իր հերթին նշել է, որ մաքսատուրքերի պատճառով իրենք 3 անգամ թանկացրել են մեքենաների գները: Թանկացումը միջինը կազմել է 600 դոլար: