Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հիշել էր, որ երբ 5 տարեկան էր ու գնում էր շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը նկատեց, որ Վահան Քերոբյանը միշտ աչքի է ընկել նման աբսուրդային հայտարարություններով.
«Այդ հայ-ադրբեջանական քիրվայության, հարևանության, բարեկամության մասին քարոզչական թեզերը ադրբեջանական զինանոցում վաղուց են եղել, և նրանք դա միշտ փորձել են մեր մեդիադաշտ բերել: Բայց եթե նախկինում դա արվել է ինչ-ինչ դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով, որի դեպքում միշտ հակադարձում եղել է, այս պարագայում այդ քարոզչական թեզերը պետական մակարդակով են շրջանառության մեջ դրվում: Կարծես ժողովրդին համոզելու, չեղած մի բան վերակենդանացնելու, մեր ուղեղներում ներդնելու, որ թշնամու հետ մենք կարող ենք եղբայրություն անել: Նույն Վահան Քերոբյանին կարող եմ շատ հակադարձումներ բերել:
Օրինակ՝ 55 տարի առաջ հենց այս օրերին Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի տարածքում երեք ադրբեջանցիներ առևանգել էին 8-ամյա Նելսոն Մովսիսյանին, և այդ Արշադ Մահմեդովը, ով այդ երեխայի հոր հետ անգամ մտերմություն է արել, եկել իրենց տուն, միասին հաց են կերել, այդ մարդը այլ տղամարդկանց հետ կտրել են այդ երեխայի վիզը, մեխ են մխել երեխայի գլխի մեջ, մարմինը խոշտանգել են, հետո այդ մարմինը թաքցրել են աղբի մեջ: Այդ բարեկամության շրջանը, որ փորձում են վերհուշի տեսքով բերել, իրականում չի եղել: ԽՍՀՄ 70-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միտումնավոր հակահայ քաղաքականություն է տարել՝ խորհրդային ինտերնացիոնալիզմի քողի տակ. Փաստը Նախիջևանի ամբողջական հայաթափումն է, Արցախից արցախցիների դուրսմղման հստակ ծրագիրն է:
Նույն Վահան Քերոբյանին կարող եմ ասել՝ երբ ես էի 5 տարեկան՝ Սումգայիթում հայերին էին կոտորում, հղի կանանց փորի մեջ ցից էին մտցնում, տարեց կանանց վառում էին: Երբ իմ քույրիկն էր 5 տարեկան՝ Բաքվում կոտորում էին հայերին: Երբ իմ տղան էր 5 տարեկան՝ 2016թ. պատերազմն էին սանձազերծում, Քյարամ Սլոյանի վիզն էին կտրում, Հայկ Թորոսյանի վիզն էին կտրում: Երբ իմ քույրիկի աղջիկն էր 5 տարեկան՝ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, երբ մենք կորցրինք 5-7 հազար տղաների, 10 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող ունեցանք, կորցրինք Արցախի մեծագույն մասը…»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
0Comments