Մինչեւ այս կադրային փոփոխությունները լրատվամիջոցները հարցեր էին բարձրացնում, որ այս կամ այն համակարգը լավ չի աշխատում, ձգձգվում են գործողությունները, լիքը դժգոհություններ կային, ու նաև այդ դժգոհությունները կային ժողովրդի մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադաառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների «շքերթին»:
«Հիմա, երբ տեղի է ունեցել արդեն կադրերի փոփոխություն, հիմա բոլորդ դարձել եք արդեն պաշտպան, թե ինչու՞ հանեցիք այս մարդկանց, ինչու՞ ազատեցիք։ Ժողովրդավարական երկիր է, վարչապետը տեսնում է՝ որտեղ դժգոհություն կա, որտեղ կարելի է շտկել այս ամեն ինչը, ու կատարում է կադրերի փոփոխություն։ Այնպես չէ, որ անհնարին բան է տեղի ունեցել, այստեղ ոչ մի տրագեդիա չկա»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունն ընտրությունների է պատրաստվում և այս քայլերով փորձում է շահել հասարակության սիրտը, Մելքոնյանը պատասխանեց. «Ըստ իս ընտրություններ լինելու են 2026-ին։ Մինչ այդ կարող է նորից պաշտոնանկություններ լինեն, նորից նոր պաշտոնյաներ ի հայտ գան։ Այնպես, որ դա կապված չի ընտրությունների հետ, կապված է նրա հետ, որ այս համակարգերը գործեն նորմալ»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ այսպես միանգամից որոշվեց բոլորից ազատվել, նո՞ր տեղեկացան խնդիրների մասին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Միանգամից չի կայացվել: Կառավարության նիստի ժամանակ վարչապետը ասոց, որ ինքը դժգոհ է, համբերության բաժակը լցվել է, որովհետև այն տեմպով, որ պետք է աշխատվեր, այդ տեմպով չաշխատվեց։ Դրա համար գնաց այս փոփոխություններին»:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը SMS-ով է տեղեկացրել պաշտոնյաներին պաշտոնանկությունների մասին, Մելքոնյանը նշեց. «Կառավարության նիստից հետո ինքը որոշել է, դա չի նշանակում, որ SMS-ներով է տեղյակ պահել: Բոլորին էլ ասվել է չէ՞, որ հրաման է գրվում: Դա ձեզ է ուղղակի թվում, որտեղ SMS-ներով հեռացրին»:
Հարցին՝ ինչպե՞ս են գտնելու այդքան պաշտոնների համար համապատասխան թեկնածուներ, երբ արդարադատության նախարար երկար ժամանակ չէին կարողանում գտնել, ՔՊ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Արդարադատության նախարարի դեպքում որոշում էր կայացված, որ պետք է կուսակցությունից լինի թեկնածուն, հիմնական պատճառը այդ էր: Մի քանի թեկնածություն առաջադրվեց և վերջնական որոշում կայացվեց: Հիմա այս պաշտոնների համար էլի նորից թեկնածուներ կառաջադրվեն, ինձ թվում է՝ ոչ կուսակցությունից, այլ ուրիշ տեղերից: Սուրբ տեղը դատարկ չի մնում, կլրացվի»:
Տարակուսելի չէ, որ հրաժարականներ տվեցին նաեւ անկախ մարմինների ղեկավարները, օրինակ ԲԴԽ նախագահը, Մելքոնյանն ասաց. «Անկախ մարմինների ղեկավարները իրենք են հրաժարական տվել։ Օրինակ ԲԴԽ-ի նախագահն ինքն է հրաժարական տվել, իրեն չեն էլ ասել, ոչ էլ SMS են ուղարկել կամ էլ հրահանգել կամ հորդորել: Ինքը հրաժարականների մեջ չի եղել, ինքնուրույն է հրաժարական տվել:
0Comments