Ովքե՞ր են 2018-ին լրացրել ադրբեջանցիների «հայկական» ցուցակը

Rusarminfo.ru կայքն ամփոփել է ամենահնչեղ դեպքերը

2018-ին ադրբեջանցիների «հայկական» ցուցակը համալրվել է բազմաթիվ նոր անուններով: Rusarminfo.ru կայքն ամփոփել է ամենահնչեղ դեպքերը: Հիշեցնենք, որ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվում են Արցախ այցելած օտարերկրացիները:

Հայկական ծագումով բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) 2018-ի հուլիսին այցելեց Արցախ և Ադրբեջան, ապա ծավալուն տեսանյութ հրապարակեց իր այցի մասին: Տեսանյությում Վլադը ցույց էր տվել, որ ադրբեջանցիներն իր հետ հյուրընկալ չեն եղել և շատ բացասաբար են արտահայտվել հայերի մասին: Տեսանյութից հետո Վլադը պատմեց նաև իր հասցեին ստացած սպառնալիքների մասին:  Ադրբեջանը Մովսեսովի նկատմամբ հետախուզում հայտարարեց:  Ավելի ուշ Մովսեսովը տեղափոխվեց Հայաստան և հայտարարեց, որ այն իր համար ամենաանվտանգ երկիրն է:

 

Հայկական արմատներով ամերիկացի հայտնի միլիարդատեր, «Ինստագրամի արքայի» անուն ստացած Դեն Բիլզերյանն օգոստոսին այցելեց Երևան, ապա Արցախ, որտեղ մարտական հրաձգարաններից մեկում հասցրեց նաև «աղմկոտ» կրակոցներ արձակել: Ադրբեջանը նրա նկատմամբ ևս միջազգային հետախուզում հայտարարեց՝ բողոքի նոտա հղելով Վաշինգտոնին և նշելով, որ Բիլզերյանն Արցախ է այցելել հանցավոր խմբի կազմում: Բիլզերյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Հոկտեմբերին Արցախ այցելեցին մի խումբ ազդեցիկ ռուս կանայք: Այս այցի նախաձեռնողը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր:  «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Արցախում և սահմանագծում եղան գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսսերը:  Հակամարտող կողմերին խաղաղության կոչեր հնչեցնելուց հետո նրանք ևս հայտնվեցին ադրբեջանական «սև ցուցակում»:

 

Ֆրանսիական Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն Արցախ այցելեց հոկտեմբերի վերջին և Շուշիի ու Սենտ- Էտիենի միջև բարեկամության հուշագիր ստորագրեց: Բաքվի արձագանքը չուշացավ: Պերդրիոյին Ադրբեջանը ենթարկեց խիստ  քննադատության, իսկ նրա այցը համարեց անօրինական: Արդյունքում Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ևս հայտնվեց «սև ցուցակում»: