Տեղի ունեցավ «Մալիֆիսենտա. Խավարի տիրուհի» ֆիլմի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մալիֆիսենտա»-ն «Քնած գեղեցկուհին» հեքիաթի էկրանավորումն է, որը կինովարձույթում հավաքել է 758 միլիոն դոլար

Հոկտեմբերի 16-ին «Սինեմա Սթար» Ռիո մոլում կայացավ Disney-ի նոր «Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհին» ֆիլմի նախադիտումը։ 2014 թվականի հեքիաթային հիթի շարունակության մեջ դերասանուհի Անջելինա Ջոլին վերադառնում է հրաշագործուհու կերպարով, իսկ Ավրորային մարմնավորում է Էլ Ֆանինգը: «Մալիֆիսենտա»-ն «Քնած գեղեցկուհին» հեքիաթի էկրանավորումն է, որը կինովարձույթում հավաքել է 758 միլիոն դոլար:

Մալիֆիսենտա

««Քնած գեղեցկուհին» իմ և քրոջս մանկության ամենասիրելի հեքիաթն էր: Երբ «Մալիֆիսենտա»-ն բարձրացավ մեծ էկրան, չէինք մտածում, որ կդառնանք ֆիլմի մեծ երկրպագու և կվարակենք այդ սիրով նաև մեր երեխաներին: Այսօր բոլորով այստեղ ենք՝ մեծ սպասումով և ակնկալիքներով»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը:

Մալիֆիսենտա

«Մալիֆիսենտա. Խավարի տիրուհին» ֆիլմում պատկերված են երկու ուժեղ կանանց՝ Մալեֆիսենտայի և թագուհի Ինգրիդի բախումը, ում մարմնավորել է Միշել Մարի Պֆայֆերը: Բախման պատճառն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից:

«Առհասարակ կինոարտադրության մեջ Մալիֆիսենտայի կերպարն իմ ամենասիրելին է: «Մալիֆիսենտա»-ից  սպասելիքներս ու ակնկալիքներս, ինչպես միշտ, շատ մեծ են, որովհետև գլխավոր դերակատարներից է իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկը՝ Անջելինա Ջոլին:  Ֆիլմի երկրորդ մասին էլ ավելի մեծ հետաքրքրությամբ և ակնկալիքներով էի սպասում»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց դերասանուհի Արփի Գաբրիելյանը:

Մալիֆիսենտա

Ֆանտաստիկա ժանրի ֆիլմում արքայադուստր Ավրորան գտնում է իր արքայազնին, ում հետ և համաձայնում է ամուսնանալ: Դեմ լինելով ամուսնական կապին՝ Մալիֆիսենտան գնում է ծանոթանալու փեսացուի ծնողների հետ, սակայն ծանոթությունը սկիզբ է դնում հերթական պատերազմին՝ մարդկանց և կախարդական էակների միջև:

«Բարին միշտ հաղթում է չարին: Արիանան դա գիտի: Երկար ենք սպասել երկրորդ մասի պրեմիերային և ամենակարևորը՝ այս անգամ երեխաների հետ ենք դիտելու: Չգիտեմ՝ որքանով կընկալեն ֆիլմի ամբողջ խորությունը, բայց վստահ եմ, որ կսիրեն»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Լուսինե Թովմասյանը:

Մալիֆիսենտա

Ֆիլմի սյուժետային գիծը հանկարծակիի է բերում երկրպագուներին: Հանդիսատեսը կբացահայտի նոր  կախարդական և խորհրդավոր աշխարհ, որտեղ Մալիֆիսենտային սպասվում է հանդիպում իր ցեղի փերիների հետ:

«Առաջին ֆիլմը շատ գեղեցիկ է նկարահանված: Երկրորդ մասից նույնպես ակնկալիքներս մեծ են: Ֆիլմում մեկտեղվել են տաղանդավոր դերասաններ: Վստահ եմ՝ ֆիլմում ընտրված զգեստները նույնպես յուրահատուկ են լինելու: Կարծում եմ՝ ֆիլմի երկրորդ մասը՝ «Մալիֆիսենտա. Խավարի տիրուհի»-ն ավելի հետաքրքիր կլինի, քան առաջինը»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց նկարիչ-մոդելավորող և արվեստագետ Արմեն Երիցյանը:

Մալիֆիսենտա

 «Մալիֆիսենտա. Խավարի տիրուհի» ֆիլմի ռեժիսորն է Խոակիմ Ռոննինգը: Սցենարը սկզբում գրել են Ջեզ Բաթերուորտը և Լինդա Վուլվերտոն, հետագայում այն վերամշակել է Միկա Ֆիտցերման-Բլյուի և Նոյ Խարպստերի կողմից: Պրոդյուսերներն են՝ Դունկան Խենդերսոնը, Անջելինա Ջոլին, Ջո Ռոթը, կոմպոզիտորը Ջեֆ Դզանելին է: Գլխավոր դերերում են Անջելինա Ջոլին, Մարի Էլ Ֆենինգը, Էդ Սքրեյնը, Միշել Պֆայֆերը և Սեմ Ռայլին:

Մալիֆիսենտա

Ֆիլմի պրեմիերային ներկա էին բոլոր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ ամենատարբեր ոլորտներից: «Մալիֆիսենտա. Խավարի տիրուհի» ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսի 29-ին՝ Մեծ Բրիտանիայում, և ավարտվել են 2018 թվականի օգոստոսի 24-ին:

Մալիֆիսենտա

«Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհին» ֆիլմը կցուցադրվի Սինեմա Սթարում հոկտեմբերի 17-ից 2D, 3D, 3D Atmos և 3D D-Box ձևաչափերով, ինչպես նաև՝ անգլերեն։ 

Ամենասպասված պրեմիերան այլևս մեծ էկրանին է: