Անցյալում են մնացել այն վախերս, թե մենք մրցունակ չենք այլ երկրների հետ. ռեժիսոր Ելենա Արշակյան

Հայկական արտադրության «Պատվից առավել» հեռուստասերիալը Մոլդովայում արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի, որը ամերիկյան «Էմմի»-ի ռուսաստանյան համարժեքն է

Հայկական արտադրության «Պատվից առավել» հեռուստասերիալը Մոլդովայում արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի, որը  ամերիկյան «Էմմի»-ի ռուսաստանյան համարժեքն է: NEWS.am STYLE-ն այս առիթով շնորհավորել է ռեժիսոր Ելենա Արշակյանին եւ զրուցել նրա հույզերի, սերիալի հաղթանակի եւ, առհասարակ, միջազգային փառատոններում հայկական սերիալների մրցունակության մասին:

Սերիալի հանդեպ մրցանակաբաշխության հետաքրքրության մասին Ելենան իմացել է հեռուստանախագծի երկրպագուներից, որոնք սերիաները թարգմանել էին ռուսերենով եւ տեղադրել համացանցում: Հենց նրանց միջոցով էլ «ՏԷՖԻ»-ի քննող հանձնաժողովի կոորդինատորները կապվել են ռեժիսորի հետ ու խնդրել, որ նա իրենց ուղարկի հեռուստասերիալի առաջին սերիան:

պատվից առավել

«Միգուցե տարօրինակ հնչի, բայց անձամբ ես չէի հավատում, շատ սկեպտիկ էի վերաբերվում այդ հարցին, մտածում էի՝ միգուցե, պարզապես, ԱՊՀ տարածաշրջանից որեւէ սերիալ էին ցանկանում ներկայացնել: Թիմի անդամներն, իհարկե, շատ էին ոգեւորվել ու ուրախացել, բայց ես միշտ ասում էի, որ ժամանակից շուտ պետք չէ ուրախանալ: Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է, որ հեռուստասերիալը նկատել են ու առաջադրել «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը»,-անկեղծացավ ռեժիսորը՝ հավելելով.

պատվից առավել

«Արդեն կարող եմ վստահ ասել, որ հայկական սերիալներն իրենց ասելիքով ոչնչով չեն զիջում ռուսական եւ ԱՊՀ արտադրության սերիալներին»:

Ելենայի կարծիքով՝ մեր հեռուստասերիալի թույլ կողմերը կապված են տեխնիկական եւ ֆինանսական հարցերի հետ: Հարցին, միգուցե, հայկական սերիալները պետք է ներկայացնել  նաեւ թարգմանությա՞մբ կամ սուբտիտրերո՞վ, որպեսզի այլ երկրներում դրանք եւս հասկանալի լինեն, Ելենան պատասխանեց.

պատվից առավել

«Այս պահին չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Պետք է խոստովանեմ, որ երբ մենք՝ մասնակիցներս, գնում էինք դիտելու այլ երկրների հեռուստասերալները՝ օրեցօր պակասում էր հույսս, որ մենք ինչ-որ բան կստանանք, որովհետեւ ակնհայտ էր թե´ նրանց աշխատանքը, թե´ բյուջեն, որոնց հետ մենք չէինք կարող մրցել: Բայց այն, որ մեր պատկերը գեղեցիկ էր, ասելիքը շատ, մեզանով հետաքրքրված էին, դա արդեն փաստ է, եւ անցյալում են մնացել այն վախերս, թե մենք մրցունակ չենք այլ երկրների հետ»:

Ինչ վերաբերում է Ելենայի ներկայիս անելիքներին՝ այս պահին նա Մոսկվայում է, որտեղ շարունակում է բարձրագույն կրթությունը ռեժիսուրայի կուրսում:

պատվից առավել

«Առաջիկա ծրագրերումս մասնագիտությանս մեջ ավելի հմտանալն է, որպեսզի կարողանանք էլ ավելի լավ աշխատանքներով հանդես գալ ու միջազգային ասպարեզներում ներկայանալ, որովհետեւ համոզված եմ, որ միայն ինքնակրթվելով կարող ես առաջ գնալ»:

style.news.am