Արջին հանդիպելու պահին ես Փիթերի հետևում էի` մոտավորապես երկու մետր հեռավորության վրա: Նրա դիմաց քարեր էին, և հանկարծ այդ քարերի հետևից՝ աջ կողմից դուրս եկավ արջը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լեհ զբոսաշրջիկ Մաուգոժատա Լուժինցկան:
«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին: Դա մի քանի վայրկյան տևեց: Նախ` հարձակվեց Փիթերի վրա, Փիթերը չէր կարողանում փախչել, փախչելու ժամանակ էլ չկար: Դա այնքան արագ տեղի ունեցավ»,- ասաց աղջիկը:
Ավելի վաղ հայտնել էինք`Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:26-ին, Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման:
Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել էին: Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել էին տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Աղջիկը (1988 թ.) հոսպիտալացման կարիք չէր ունեցել:
0Comments