Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հիշեցում է արվում այն մասին, որ կողմերը պայմանավորվել էին ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ վերջերս ԱՄՆ-ից Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա ժամանած 6 հոգանոց զինվորական պատվիրակությունը թուրքական կողմին պահանջ է ներկայացրել, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 15կմ խորություն: Իսկ թուրքական կողմը ցանկանում է, որ այդ գոտին ունենա 40կմ խորություն՝ ներառելով Սիրիայի Հալեպ և Ռաքքա քաղաքներն իրար կապող ավտոճանապարհը։
Բանակցություններն ընթացել են թուրք-սիրիական Աքչաքալլե անցակետի մոտ գտնվող 3-րդ սահմանային գնդի հրամանատարությունում և մամուլի համար դռնփակ պայմաններում։
«Եթե հաջողվի, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կունենա 10 ռազմաբազա»,- ասվում է հրապարակման մեջ և նշվում, որ այդ ռազմաբազաները կհիմնվեն Սիրիայի Այն էլ Արաբ, Թալաբադ, Ռես էլ այն, Ղամըշլը, Դերբեսիյե, Ամուդե բնակավայրերում, իսկ մնացածները՝ այլ տարածքներում։
0Comments