Ընտրյալ մարդկանց միջոցով է ձևավորվում քաղաքակրթությունը, մշակույթը և հատկապես հոգևոր կյանքը

Նախահայրերը դարձել են հոգևոր դաշտի լուսատուները

Նախահայրեր անվան տակ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հինկտակարանյան բոլոր սրբակենցաղ և արդար անձանց հիշատակը: Սուրբ Ծննդոց գիրքն ընթերցելիս տեսնում ենք, որ մարդկության թվաքանակի աճի հետ միասին, Աստված իր ուշադրությունը սևեռել է կոնկրետ անձի կամ գերդաստանի վրա: Այսինքն ընտրյալ մարդկանց միջոցով է ձևավորվում քաղաքակրթությունը, մշակույթը և հատկապես հոգևոր կյանքը: Նախահայրերը դարձել են հոգևոր դաշտի լուսատուները: Այս մարդկանց մասին կարող ենք խոսել իբրև մարգարեների, ովքեր իրենց մեջ Աստծո հոգին ունեին: Նրանք ընդհանուր գծով ցույց են տալիս Աստծո խնամքը սերնդից սերունդ:
 

Երբ մենք նայում ենք Տասնաբանյա պատվիրանները, տեսնում ենք, Աստված զգուշացնում է, որ իրեն չհավատացող սերունդները պատժի են արժանանալու: Այն սերունդները, ովքեր պահել են նրա խոսքը և եղել են հավատարիմ՝ օրհնվել են: Երբ Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված նամակում խոսում է Քրիստոսով մկրտվելու մասին, նոր մկրտյալին, անկախ նրա ազգությունից, կոչում է Աբրահամի ուխտի ժառանգ: Հետևաբար մենք պիտի ստանանք այն խոստումը, ինչ-որ Աստված տվեց Աբրահամին:
 

Նախահայրերի շարքում Ադամը ևս հիշատակվում է, չնայած, որ առաջին մեղքը ինքը գործեց, սակայն հետո զղջումով և ապաշխարությամբ մաքրագործվեց և սրբերի շարքը դասվեց: Հետաքրքիրն այն է, որ այն մարդիկ ում կյանքի մեջ տեսնում ենք սխալներ, Աստծուց հեռանալու օրինակներ, դարձան Աստծո այս մեծ ճամփորդության կարևոր առաջնորդներն ու նահապետները, որոնց հետևից գնացին մարդիկ, սերունդներ և ազգեր:
 

Ադամի, Աբելի և Սեթի սերունդներին բնորոշ է եղել Աստծուն հավատարիմ լինելու ընթացքը: Հատկապես Աբելի և Սեթի, ովքեր արդար անուն ունեին և դրանով նաև եղան ուղղենիշ իրենց սերունդների համար: Հինկտակարանյան այս հերոսները դարձան Աստծո ծրագրի կրողը և դրա բացահայտողը: Նախահայրերի կյանքի պատմության մեջ մենք տեսնում ենք Աստծո միջամտության շղթան, և դրա մեջ նաև մեր հոգևոր կյանքի ընթացքը: Հետագայում, մենք էլ նախահայր ենք դառնալու մեկ ուրիշ սերունդի համար և պետք է ունենանք պատասխանատվության զգացում Աստծո նկատմամբ, Ով մեր  հետ խոսում է և մեր միջոցով ցանկանում է խոսել նաև մեր զավակների հետ:

 

qahana.am