Չեմ ընդունում այն մեղադրանքը, որ իմ ու գեներալ-գնդապետների նկատմամբ հարուցված է: Այս մասին Yerevan Тoday-ի հետ զրույցում ասել է ՀՀ ասաց պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
«Չեմ ընդունում այն մեղադրանքը, որն ուղղված է իմ ու գեներալ-գնդապետների նկատմամբ: Գեներալ գնդապետները կատարել են մեր երկրի կարևոր օբյեկտների պահպանությունը օրենքների, պահակային եւ կայազորային օրենքի համաձայն: Այն, ինչ գրվել է այդ հանրաճանաչ 0038 հրամանում, դա բանակի ներքին հրամանն է, և գրված է չեզոքացնելու այն խնդիրները, որոնց վերացման համար ցուցում է տվել Ռոբերտ Քոչարյանը: Դեմ եմ այն իրադրությանը, որ ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի շուրջը, համարձակ մարդու, պատասխանատվությունն իր վրա վերցնող մարդու նկատմամբ այդպես չեն վերաբերվում, նա կարող էր ազատ լինել եւ գործի քննությունը թող շարունակեին»,- ասել է նա:
Սեյրան Օհանյանը նշել է, որ 0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք:
«0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք. մեկը, որ բանակը խառնվում էր քաղաքականությանը, ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին քաղաքականությանը, պետության մեջ զենք կրում, պետության մեջ տեղաշարժվում: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Հիմա փաստերն այս կերպ խեղաթյուրել և ասել, որ արտակարգ դրության հրաման է տվել, իմ համար անընդունելի է»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր չէր իմանալ 0038 հրամանի մասին:
«Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր չէր իմանալ 0038 հրամանի մասին: 8.5 տարի պաշտպանության նախարարն եմ եղել ու երբևէ նախագահին չեմ զեկուցել, թե՝ պարոն գլխավոր-գերագույն հրամանատար, արձակել եմ, ասենք, 0050 հրամանը և այլն: Զեկուցում եմ, որ տրված խնդիրը կատարվել է»,-ասել է Սեյրան Օհանյանը` նաեւ անընդունելի համարելով Սամվել Կարապետյանի անձի շուրջ եղած շահարկումները:
Անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործին, նա ասել է, որ առաջին պահին տեսնելով տեսանյութը, ցավ է ապրել, սակայն հետագայում առաջացել են հարցեր:
«Զրկել մարդուն պաշտպանվելու իրավունքից, երբ որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, բարոյականությունից դուրս է: Նույնիսկ պատերազմի դաշտում հակառակորդներին պաշտպանվել են թույլ տալիս: Դիվերսիոն խումբը մարդ էր սպանել, այսօր կալանավորված են, ու Արցախի իշխանությունը թույլ տվեց նրանց պաշտպան ունենալ: Այն մարդիկ, որոնք անցել են հերոսական ճանապարհով, ոչ մեկ չի կարող զրկել նրան այդ ճանապարհից եւ հիմա բոլորիս խնդիրն է, որ մեր իրավապահ համակարգը գործի անաչառ»,- հավելել է նա:
0Comments