Գուրգեն Մահարու ասած մարդամթերման տարիներին՝ 1937-1938 թվականներին, այնքան շատ էին կարվում քրեական գործերը, որ իրավապահ համակարգը չէր հասցնում նույնիսկ դակման մեթոդաբանությամբ սպասարկել ընթացակարգերը: Ստալինի մահից հետո արդեն մտավորականության, արտադրության և գյուղատնտեսության ոլորտների ղեկավարների, զինվորականության շրջանում ամաչում էին նրանք, ովքեր ոչ մի քրեական գործով չէին անցել: Որովհետև հանրային ընկալման մեջ մեծ տեռորի տարիներին քրեական գործերով չանցածները կամ հենց տեռորի կազմակերպիչներն էին կամ «գործ տվողները»:
Սա շատ նման է Հայաստանում ստեղծված իրավիճակին: Հանուն մամլո հաղորդագրության, հանուն այսրոպեական փիառի քրեական գործեր են հարուցվում, որոնց ճակատագիրն առնվազն անհայտ է մնում: Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը չի հասցնում սպասարկել քաղաքական իշխանության պատվերները՝ ոչ քանակի, ոչ էլ որակի համատեքստում։ Նաև ակնհայտ է, որ ինչպես սովետների երկրում եղավ, այնպես էլ Հայաստանում միառժամանակ հետո շատերը ամաչելու են, որ «հայկական մեծ կրկեսի» տարիներին չեն անցել քրեական գործերով:
Իսկ մինչ այդ պետք է ուղղակի փաստել, որ ռեպրեսիոն մախավիկը չի կանգնելու. սկզբում քրեական գործեր կարվում էին իշխանությանն ընդդիմադիր այլախոհների վրա, հիմա կարվում են հնարավոր ընդդիմադիր այլախոհների վրա, հետո կարվելու են իշխանության ներսի այլախոհների վրա, (ասենք՝ Սասուն Միքայելյանի նման մտածողների վրա), հետո գործ կարելուց հրաժարվող ոստիկանների, դատախազների ու դատավորների վրա, և այդպես շարունակ: Վերջում կպարզվի, որ գործ չի կարվել միայն մեկի՝ ժողովրդի վարչապետի վրա: Իսկ ամենավերջում կպարզվի, որ պետք է ամաչեն նրանք, ում վրա ժողովրդի վարչապետը գործ կարելու հրաման չի իջացրել:
0Comments