Կարծիք կա, որ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանա-թուրքական կապերը հասցրել են ամենաբարձր մակարդակի։ Բայց այդ կապերը չեն սահմանափակվում միայն ռազմավարական այնպիսի ոլորտներով, ինչպիսին են Թուրքիան ոչ թանկ էներգիայով մատակարարելը եւ Ադրբեջանի կամ Ղարաբաղի անվտանգության ապահովումը։ Վերջերս կատարված հետաքննությունն այս ցուցակին ավելացրել է նաեւ երկու նախագահների ընդհանուր բիզնես-հետաքրքրվածությունները։
100 մլն դոլար արժողությամբ նոր նախագիծը, որն իրականացնում են Ալիեւի եւ Էրդողանի ընտանիքների անդամները, մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե որքան սերտ կապեր գոյություն ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Թուրքիան դարձել է այն երկրներից մեկը, որը բոլորից շատ է շահել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակից 2020թ. պատերազմում։
Պատերազմի ժամանակ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, եւ հիմա այդ օգնությունն ավելի քան փոխհատուցվում է։ Էրդողանին մոտ կանգնած ընկերությունները ստորագրել են վերականգնողական աշխատանքների առասպելական թանկ պայմանագրեր Ադրբեջանի վերադարձրած տարածքներում եւ հատկապես Ղարաբաղում։ Բայց երկու նախագահների հարաբերությունները դուրս են գալիս քաղաքականության եւ անգամ բիզնեսի շրջանակներից. Ալիեւի եւ Էրդողանի ընտանիքները գործընկերներ են Զանգիլանի շրջանի նոր գյուղատնտեսական համալիրում։
2021թ. հոկտեմբերի սկզբին Ալիեւը եւ Էրդողանը դրեցին DOST ագրոպարկի հիմքը։ Իսկ հոկտեմբերի 20-ին նորից այցելեցին այնտեղ, երբ Զանգիլան էին եկել բացելու նոր օդանավակայանը, որը կառուցվել է Հայաստանի եւ Իրանի հետ սահմանից ոչ հեռու։ Ասում են, թե Dost ագրոպարկի ստեղծումը 100 մլն դոլար կարժենա։ Այստեղ կաճեցվեն 10 հազար գլուխ խոշոր անասուններ, կաշխատի 500 մարդ։ Էրդողանին Ղարաբաղ կատարած այցի ժամանակ ուղեկցողների մեջ էր նաեւ Dost Agropark-ի ներդրողը, Dost Ziraat ընկերության սեփականատեր Աբդուլքադիր Կարագյոզը։ Նրան Էրդողանի հետ կապում են ոչ միայն գործնական, այլեւ բարեկամական կապերը՝ Կարագյոզն ամուսնացած է Էրդողանի զարմուհու հետ։ 2016թ. ամուսնությունից հետո Կարագյոզն իր գլխավորած մեկ այլ ընկերության միջոցով սկսեց շահել պետական տենդերները։ Ընդ որում՝ այդ տենդերների մեծ մասում նրա ընկերությունը միակ մասնակիցն էր։
Բացի այդ, հարսանիքից հետո նա ուժեղացրեց հսկողությունը Dost ընկերությունում, որի համասեփականատերերից մեկն էր դեռեւս 2010թ.։ 2017թ. մյուս բաժնետերերը դուրս եկան ընկերությունից, իսկ նրանց տեղը զբաղեցրին Էրդողանի մյուս երկու զարմիկները՝ Ուսամե Էրդողանը եւ Ահմեթ Էնես Իլգենը։ Իհարկե, Թուրքիայի առեւտրային ռեեստրի համաձայն՝ 2020թ. նրանք նույնպես թողեցին բեմահարթակը, եւ ներկա պահին Կարագյոզը Dost Ziraat-ի միակ սեփականատերն է։
Ադրբեջանական կողմից նոր ագրոպարկի ներդրողն է Pasha Investments ընկերությունը, որը մտնում է Մեհրիբան Ալիեւայի՝ երկրի առաջին փոխնախագահի եւ Իլհամ Ալիեւի կնոջ ընտանիքին պատկանող Pasha Holding-ի մեջ։ Ագրոպարկի կառավարումը եւս գտնվում է Էրդողանի դաշնակիցներից մեկի ձեռքում։ Դա Մեհմեթ Զեքի Թուղրուլն է, որը Dost Ziraat-ի վարչության փոխնախագահն էր եւ Էրդողանի կուսակցության երիտասարդական թեւի վարչության անդամը։
Հոկտեմբերի 20-ի այցի ժամանակ երկու նախագահները կարճ պատասխանել են լրագրողների հարցերին։ Բայց Կարագյոզը միակ գործարարը չէ Էրդողանի շրջապատում։ Կան նաեւ, օրինակ, Kalyon Holding-ի վարչության նախագահ Ջեմալ Քալըօնչուն, Cengiz Holding-ի վարչության նախագահ Մեհմեթ Չենգիզը եւ Demirören Holding-ի վարչության նախագահ Յըլդըրըմ Դեմիրյորենը։ Բոլոր երեքն էլ ուղեկցում էին Էրդողանին Ղարաբաղում։ Ջաբրայիլում ունեցած իր ելույթում Էրդողանը նշել է այնտեղի ճանապարհի վատ վիճակի մասին։ «Ես կարծում եմ, որ մեկ տարի հետո մենք կտեսնենք Ջաբրայիլի ճանապարհը լրիվ այլ վիճակում, որովհետեւ այստեղ լուրջ քայլեր են ձեռնարկվում՝ կապված ենթակառուցվածքային հարցերի հետ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ քայլերը ձեռնարկում են Cengiz եւ Kalyon ընկերությունները։
Եվ չնայած նրանք ընտանեկան կապեր չունեն Էրդողանի հետ, այնուամենայնիվ, նրա կարեւոր քաղաքական դաշնակիցներն են։ Cengiz-ը եւ Kalyon-ը մտնում են այսպես կոչված «Հինգի բանդայի» մեջ՝ թուրքական ընկերությունների հնգյակ, որոնք սերտորեն կապված են Էրդողանի եւ կառավարող կուսակցության հետ։ Էրդողանի կառավարման տարիներին նրանք ստացել են պետական պայմանագրերի մեծ մասը։ Իսկ հիմա Kalyonը եւ Cengiz-ը ստացել են պայմանագրեր Ղարաբաղում, ներառյալ ճանապարհների շինարարությունը եւ ոսկու ու պղնձի հանքերի շահագործումը։ Kalyon-ը կառուցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգիծը։ Այն պետք է դառնա տրանսպորտային երթուղու մի մասը, որը ադրբեջանական Նախիջեւանի էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ Հայաստանի միջով։ Նախագիծը գնահատվում է ավելի քան 180 մլն դոլար, իսկ դրա ավարտը նախատեսված է 2023թ.։
«Հինգի բանդայի» մյուս ընկերությունը՝ Kolin İnşaat-ը, նույնպես ստացել է Ղարաբաղում ճանապարհների կառուցման շահեկան պայմանագիր։ Այն կառուցելու է «Հաղթանակի ճանապարհը», որը տանելու է դեպի Շուշի։ Այդ ճանապարհը նա կառուցելու է ադրբեջանական Azvirt ընկերության հետ համատեղ։ Kolin-ը մասնակցել է նաեւ շուկայի շինարարությանը, որը գտնվում է Զանգիլանի Աղալի գյուղի Թուրք-ադրբեջանական բարեկամության փողոցում, որտեղ վերջերս վերաբնակեցրել են ադրբեջանցիների առաջին «խմբաքանակին»։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղի վերականգնման եւ վերակառուցման համար հատկացրել է մոտ 3 մլրդ դոլար։ Պայմանագրեր են ստացել նաեւ այլ երկրների ընկերությունները, որոնց Ադրբեջանը բարեկամական է համարում։ Օրինակ՝ Իտալիան, Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան։ Բայց ամենից շատ, թերեւս, բաժին է հասել Թուրքիային։ Բաքվում Թուրքիայի գլխավոր առեւտրային խորհրդական Յակուպ Սեֆերի խոսքով՝ Ղարաբաղում աշխատում է մոտ 30 թուրքական ընկերություն։ «Այդ ընկերություններն արդեն ներդրել են 1 մլրդ դոլար, եւ այդ գումարը շարունակելու է ավելանալ»,- տեղեկացրել է Սեֆերը։
Թուրքական եւս մեկ խոշոր ընկերություն՝ Demirören Holding-ը, պաշտոնապես ոչ մի նախագիծ չի ստացել՝ կապված Ղարաբաղի հետ, բայց փոխարենը շահել է այլ խոշոր պայմանագրեր Ադրբեջանում։ Օրինակ՝ պետական վիճակախաղի կառավարման տասնամյա պայմանագիրը։ Այն ստորագրել է նաեւ փոխըմբռնման հուշագիր էկոնոմիկայի նախարարության հետ՝ 40 մլն դոլար արժողությամբ դեղագործական գործարան կառուցելու վերաբերյալ։ Իր սեպտեմբերյան հարցազրույցում, պատասխանելով իտալական ընկերությունների կողմից Ղարաբաղում շինարարական պայմանագրեր ստանալու հեռանկարների մասին հարցին, Իլհամ Ալիեւն ասել է, որ Իտալիան երկրորդ տեղում է լինելու Թուրքիայից հետո։ «Նա մեր հարեւանն է, եւ շատ հայտնի շինարարական ընկերություններ ունի»,- ասել է Ալիեւը՝ նկատի ունենալով Թուրքիան։ «Որովհետեւ Թուրքիան միեւնույն ժամանակ նաեւ մեր դաշնակիցն ու մտերիմ բարեկամն է»,- ավելացրել է նա։
blognews.am
0Comments