Վերջապես Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 139 կմ հատվածում, Վայոց Ձորի մարզի Վայքի վարչական տարածքում, ժողովրդի կողմից «մահվան ոլորան» ստացած անունը կանցնի պատմության գիրկը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ճանապարհահատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ մահվան ելքով:
Դեպքերի մեծ մասը լուսաբանվել է SHAMSHYAN.com-ով, «Սուր անկյուն» հաղորդաշարով և ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագրով:
Գրեթե միշտ բարձրաձայնվել է, որ այդ հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները կնվազեն միայն այն դեպքում, եթե պատկան մարմինները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհը կապիտալ վերանորոգելու ուղղությամբ:
Խնդրին տեղում ծանոթանալու համար նշված վայր էին ժամանել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայավտոճան» ընկերության նախկին տնօրեն Աշոտ Արշակյանը, ովքեր խոստացել էին, որ Սյունիքի մարզում նմանատիպ երկու մահաբեր ոլորանների խնդիրը լուծելուց հետո կզբաղվեն նաև այս հատվածով, սակայն եթե Սյունիքում նրանք իրենց խոստումը կատարեցին, ինչը SHAMSHYAN.com-ը լուսաբանել է ֆոտոռեպորտաժներով և տեսանյութերով, ապա այս դեպքում՝ «թավշյա» հեղափոխությունից հետո, Վ. Մարտիրոսյանն ու Ա. Արշակյանը իրենց դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից ու խնդիրը կարծես մնաց օդում կախված:
Նշանակվեց մեկ այլ նախարար, ով սակայն գոնե մի անգամ «լայաղ» չարեց այցելել նշված վայր և տեղում ծանոթանալ բնակիչներին հուզող խնդրին:
Սակայն երբ նախարար նշանակվեց Հակոբ Արշակյանը, վերջինս մի քանի անգամ այցելեց նշված վայր՝ «Հայավտոճան» ընկերության նոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ և տեղում ծանոթանալով խնդրին, խոստացել էր, որ «սայլը տեղից առաջ կշարժվի», քանի որ որակյալ ճանապարհներ ունենալու խնդիրը իր առջև է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի ուրախություն վայքեցիների, ամիսներ շարունակ «Տեր-Հայրապետյան շին» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ աշղեկ Արման Խաչատրյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքների արդյունքում, օրեր առաջ վերջնականապես շահագործման հանձնեցին նշված ճանապարհահատվածը:
Մանրամասները՝ Shamshyan.com
0Comments