Ծաղկման փուլում շատերի մոտ սկսվում է սեզոնային ալերգիա՝ օրգանիզմի բարձր զգայունություն բույսերի փոշու եւ այլ պոտենցիալ ալերգենների հանդեպ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր եւ օգտակար փաստ սեզոնային ալերգիայի մասին:
1. Ալերգիան կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում
Եթե անգամ մանկության շրջանում դուք չեք ունեցել ալերգիա, դա դեռ չի նշանակում, որ այն չի կարող ի հայտ գալ չափահասության ընթացքում: Համարվում է, որ եթե ձեր ամենամոտ բարեկամներից որեւէ մեկը տառապում է ալերգիայով, ցանկացած տարիքում դրա առաջացման վտանգը բավականին բարձր է նաեւ ձեզ մոտ:
2. Ալերգիան կարող է անսպասելիորեն անհետանալ
Եթե ձեզ մոտ նկատվում է սեզոնային ալերգիա, դա եւս չի նշանակում, որ կուղեկցի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ալերգիան կարող է ինքնուրույն «անհետանալ» ցանկացած պահի: Սակայն որոշ ժամանակ անց այն կարող է կրկին ի հայտ գալ՝ արձագանքելով կամ միեւնույն ալերգեններին, կամ այլ ալերգեններին: Այդ առումով մարդու օրգանիզմն անկանխատեսելի է:
3. Գերադասելի է բուժումը սկսել նախքան սեզոնի սկիզբը
Անհրաժեշտ է դիմել ալերգոլոգի ոչ թե բուն ալերգիայի ժամանակ, այլ նախքան սեզոնի սկիզբը: Շնորհիվ ճիշտ եւ նախապես կազմակերպված բուժման՝ սեզոնի ընթացքում ալերգիան հնարավոր է զգալիորեն մեղմել:
4. Բնակության վայրի փոփոխությունը չի կարող բուժել ալերգիան
Պետք չէ մտածել, որ եթե դուք փոխեք բնակության վայրը, ապա ալերգիան ձեզ այլեւս չի անհանգստացնի: Անգամ եթե դուք տեղափոխվեք ուրիշ երկիր, հնարավոր է, մեկ կամ երկու տարով ձեր վիճակը լավանա, սակայն այնուհետեւ օրգանիզմը կրկին կբախվի նոր ալերգենների հետ՝ կախված նոր արտաքին միջավայրի գործոններից:
5. Սեզոնային ալերգիան կարող է սրացնել ասթման
Բազմաթիվ մարդիկ չեն կասկածում, որ ալերգիան եւ ասթման փոխկապված են: Ասթմայով տառապող երեխաների 80 տոկոսն ունի ալերգիայի որեւէ տեսակ, որը սրվում է տարվա որոշ եղանակներին: Ավելին, ասթման սրվում է ալերգիայի պատճառով, այդ իսկ պատճառով ասթմայով հիվանդներին խորհուրդ է տրվում մշտապես կապ պահպանել ալերգոլոգի հետ, գրում է NEWS.am Medicine:
0Comments