Ամերիկա-բրիտանական «Չեռնոբիլ» սերիալի սցենարիստ և գործադիր պրոդյուսեր Քրեյգ Մեզինը հաջողություն է մաղթել ռուսական տարբերակի հեղինակներին, հաղորդում է ria.ru-ն:
Մարտին պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին և դերասան, ռեժիսոր Դանիլա Կոզլովսկին հայտնել են Չեռնոբիլի մասին պատմող «Վտանգավոր ջուր» վերնագրով ֆիլմ նկարահանելու պլանների մասին, որտեղ Կոզլովսկին հանդես կգա գլխավոր դերում:
«Ես գիտեմ, որ նրանք իրենց սեփական ֆիլմն են նկարահանում: Ես կինոպրոդյուսեր եմ և գիտեմ, թե որքան դժվար է ֆիլմ նկարահանելը, ուստի հաջողություն եմ մաղթում նրանց»,-հինգշաբթի Վաշինգտոնի Քենանի համալսարանում հայտնել է Քրեյգ Մեզինը:
Նրա խոսքով՝ նկարահանումների ժամանակ, որոնց մի փոքր մասը տեղի է ունեցել Մոսկվայում, Ռուսաստանի կողմից ոչ մի արձագանք չի եղել։ Մեզինը հաճելի է համարել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու գովասանքի խոսքերը, որն ասել էր, որ սերիալը վարպետորեն է նկարահանված։
«Երբ հեռուստասերիալը դուրս եկավ, նրանց մշակույթի նախարարը հաճելի գովասանքի խոսքեր հնչեցրեց: Հետո, հեռուստասերիալը հայտնի դարձավ Ռուսաստանում: Եվ դա, կարծում եմ, խնդիրների պատճառ դարձավ։ Ես հասկանում եմ դա։ Տարօրինակ է, երբ քո մշակույթի, քո պատմության մասին շատ սիրված սերիալ կա, որի հեղինակը քո դարավոր հակառակորդն է»,-հայտնել է նա:
Նշենք, որ 1986թ.-ի Չեռնոբիլի ատոմակայանի աղետի մասին պատմող, 5 մասից բաղկացած «Չեռնոբիլ» հեռուստասերիալը կարճ ժամանակում ամենահայտնի հեռուստասերիալներից է դարձել:
Ավել վաղ, նա հայտնել էր, որ հեռուստասերիալի ստեղծողները ձգտել են խուսափել Արևմուտքում տարածված կարծրատիպերից այն մասին, թե ԽՍՀՄ-ում գրեթե բոլորի կյանքն անցել է «զուգարանի թղթի համար հերթ կանգնելով»»:
0Comments