Քննադատողներից շատերը Վիտալի Բալասանյանի անունն առաջին անգամ են լսել

Դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին

Մեր հայրենակիցներից շատերն ուղղակի հրճվում են Վիտալի Բալասանյանի՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրով:

Ճիշտ է, վերջին շրջանում Բալասանյանի որոշ հայտարարություններ ոչ միանշանակ ու, հաճախ, մասնակիորեն անընդունելի են եղել, բայց նրա պաշտոնանկության լուրով ուրախացողներին ցանկանում եմ հարցնել՝ դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին:

Վստահ եմ, որ քննադատողներից շատերը Վիտալի Բալասանյանի անունն առաջին անգամ լսել են 2016 թ.՝ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված միջադեպերի զարգացման ժամանակ: Դրանից հետո, ճիշտ չհասկանալով Բալասանյանի խոհեմ մոտեցումները, շատերը սկսեցին նրան մեղադրել ու դավաճան անվանել: Բայց հիասթափեցնելով նմաններին, ասեմ, որ եթե Բալասանյանը չմիջամտեր գործին, և գունդը գրավողներին չհամոզեր զենքը վայր դնելու, ապա, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ այդ խմորը դեռ շատ ջուր կխմեր:


Ավելին՝ այսօր Վիտալի Բալասանյանին քննադատողներից ու նրա պաշտոնանկության լուրով հրճվողներից շատ շատերը ծնված էլ չեն եղել, երբ նա զենքը ձեռքին, իր բնատուր ռազմագիտությամբ, փայլուն մարտական ուղի է անցել, և Արցախի ազատության ու մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում նրա ավանդը փոքր չէ: Ես գիտեմ, որ Բալասանյանի վերջին հայտարարությունը Արցախի առանձին պետություն լինելու հետ կապված, հաջող հայտարարություն չէր, բայց գիտեմ նաև, որ դա արտաքին խաղ է, և այդ հայտարարությանը հղում անողներն ու նրան հայհոյողներն ավելի շատ չեն նվիրված մեր ազգին ու հայրենիքին, քան Վիտալի Բալասանյանը: և սրանք ուղղակի գովեստի խոսքեր չեն, այս խոսքերի լավագույն ապացույցը Բալասանյանի անցած փառավոր մարտական ուղին է: Ի դեպ, նրան քննադատողներից քանի՞սն են ծառայել հայկական բանակում, քանիսի՞ հայրերն են մասնակցել Արցախյան ազատամարտին:

«Ազգ»