Հրանտ Անանյանը բողոքարկել է դատավորի միջադեպով քրգործ չհարուցելու որոշումը

Քննիչի կատարած բոլոր եզրահանգումներն ածանցվել, ուղղակիորեն և անուղղակիորեն կապակցվել են քաղաքական իշխանության կողմից նախաձեռնած «ակցիա»-ին

Փաստաբան Հրանտ Անանյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բողոքարկել է դատարանների արգելափակման դեպքով քրեական գործ չհարուցելու մասին ՀՔԾ որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հրանտ Անանյանից։

Հիշեցնենք, որ դատարանների արգելափակման օրը՝ մայիսի 20-ին, փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատավոր Դավիթ Բալայանի հետ կատարված միջադեպի վերաբերյալ. դատավորը փորձել էր մուտք գործել դատարանի շենք, սակայն դատարանի դիմաց հավաքված անձինք դա թույլ չէին տվել, եւ ստեղծված քաշքշուկի արդյունքում դատավորը վայր էր ընկել։ Հունիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ հիշյալ դեպքերով ներկայացված հաղորդումները քննության առարկա են դարձել մեկ վարույթի շրջանակում, եւ քրեական գործի հարուցումը մերժվել էր հանցադեպի բացակայության պատճառով։

Փաստաբան Հրանտ Անանյանը իր բողոքում նշել է, որ քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումն անհիմն և ապօրինի է, քանի որ, ըստ իրեն, նյութերի նախապատրաստման ընթացքում չեն իրականացվել իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ դեպքի հանգամանքները լրիվ, ամբողջական և բազմակողմանի վերհանելուն ուղղված նվազագույն ստուգողական գործողությունները. «Փաստական հանգամանքները թերի վերհանելու, պատշաճ նյութեր չնախապատրաստելու, դեպքերի հանգամանքները սխալ համադրելու, վերլուծելու, նյութական իրավունքի նորմերը կամայական մեկնաբանելու և գնահատելու արդյունքում, այդ թվում կայացված որոշմամբ ձեռքբերված փաստական տվյալները խեղաթյուրված ներկայացնելու հետևանքով՝ նախաքննության մարմինը հանգել է անհիմն կամ առնվազն խիստ վաղաժամ հետևությունների, իսկ մի շարք փաստերի առհասարակ գնահատական չի տվել»,-նշել է նա։

Ուսումնասիրելով կայացված որոշումը՝ փաստաբանը հանգել է եզրակացության, որ քրեադատավարական ակտն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի. «Քննիչի կատարած բոլոր եզրահանգումներն ածանցվել, ուղղակիորեն և անուղղակիորեն կապակցվել են քաղաքական իշխանության կողմից նախաձեռնած «ակցիա»-ին: Կոնկրետ Դ.Բալայանի մասով, մոռացության տալով, որ մի քանի հոգի նրան հրել են, ինչպես նաև, դատավորի կամքին բռնանալու հանգամանքը՝ քննիչը դատողություններ և հետևություններ է շարադրել այն մասին իբր Դ. Բալայանը ինքնուրույն է ընկել՝ անտեսելով, որ այդ մասով անհրաժեշտ էր առնվազն հարցնել, բացատրություն վերցնել նրանից»։

Փաստաբանն ընդգծել է, որ տեսանյութից հետևում է, որ դատավոր Դ. Բալայանը ներկայացել է աշխատանքի վայրը, ցանկացել է մուտք գործել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրի շենք իր՝ որպես դատավոր լիազորությունները և պարտականություններն իրականացնելու համար, սակայն նրան խոչընդոտել են քաղաքացիներ, որոնք օրենսդրությամբ նման գործառույթով օժտված չեն եղել. «Դատավորի՝ իր աշխատանքի վայրը մտնելը և իր մասնագիտական գործունեությունն իրականացնելը միանշանակ և անվերապահ օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված լիազորությունների շրջանակում է և ուղղված է նրա ծառայողական պարտականությունները կատարելուն:» Այս առումով փաստաբանը հիշատակել է ՀՀ ՔՕ-ի 316-րդ եւ 343-րդ հոդվածով նախատեսված արարքները։

Այսպիսով, Հրանտ Անանյանը խնդրել է Արթուր Դավթյանից վերացնել ՀՔԾ-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ և հանձնարարել ձեռնարկել նախաքննություն: