Դերասան Բրեդ Փիթը խոսել է այն մասին, թե ինչու է սպառնացել հաշվեհարդար տեսնել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի հետ, որը ոտնձգություն է կատարել դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նկատմամբ: Դերասանի խոսքերը փոխանցում է The Independent-ը:
Փիթը բացատրել է, որ ցանկանում էր համոզվել, որ պրոդյուսերը այլևս ոտնձգությունների չի անի իր նախկին սիրեցյալի նկատմամբ: Փելթրոուն պատմել է Փիթին, որ Վայնշտայնը իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է արել Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում` աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել 1990-ականների կեսերին, երբ Փելթրոուն ստացել էր գլխավոր դերը «Էմմա» ֆիլմում, որի պրոդյուսերը Վայնշտայնն էր:
«Մենք այդ ճանապարհով լուծեցինք խնդիրները»,- պատմել է դերասանը:
Այն փաստը, որ Փիթը սպառնացել է սպանել հոլիվուդյան պրոդյուսերին, Փելթրոուն հայտնել է 2018 թվականի մայիսին: Դերասանը մոտեցել է Վայնշտայնին Բրոդվեյում` «Համլետ»-ի պրեմիերայի ժամանակ և ասել.
«Եթե նա ձեր պատճառով մեկ անգամ ևս անհարմարություն զգա, ես կսպանեմ քեզ»:
«Դա անհավանական էր: Նա իր համբավն ու ազդեցությունն օգտագործեց ինձ պաշտպանելու համար այն ժամանակ, երբ ես ո´չ հեղինակություն ունեի, ո´չ էլ ազդեցություն»,- խոստովանել է դերասանուհին:
0Comments